Թանահատի վանքը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հարավ-արևելք, Եղեգիս գետի վտակներից մեկի՝ Թանահատ գետի ձախ ափին։ Միջնադարյան աղբյուրներում վանքը հիշատակվում է տարբեր ձևերով՝ Թանահատ, Թանատ, Գլաձոր և Ղարավանք։
Թանահատի վանքի պատմության վերաբերյալ կարևոր աղբյուր է Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմությունը»։ Նա հիշատակում է Թանահատի վանքը որպես նշանավոր վանական կենտրոն և այն կապում է VIII դարի դեպքերի հետ՝ կապված Ստեփանոս Սյունեցու նահատակության և նրա գերեզմանի հետ։ Սակայն ժամանակակից ուսումնասիրություններում նշվում է, որ Օրբելյանի պատմական տեղեկությունները վերաբերում են երկու տարբեր Թանահատների, և դրանց նույնացումը երկար ժամանակ քննարկման առարկա է եղել։
Համալիրը բաղկացած է երկու հիմնական եկեղեցիներից՝ Սուրբ Ստեփանոս Նախավկա գլխավոր եկեղեցուց և ավելի փոքր Սուրբ Աստվածածին եկեղեցուց, ինչպես նաև գավթի, գերեզմանատան և այլ շինությունների մնացորդներից։ Պահպանված հիմնական կառույցները թվագրվում են XIII դարով։
1273–1279 թթ Պռոշյանների իշխանական տան նախաձեռնությամբ տեղում գտնվող համանուն հին մատուռի հիմքերի վրա վերակառուցվել է գլխավոր տաճարը՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը կառուցված է ճարտարապետական տեղական մուգ բազալտից։