Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում։ Այն հայկական վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ եկեղեցիների առավել ուշագրավ օրինակներից է։ Կառույցի ճշգրիտ թվագրման հարցում ուսումնասիրողների տեսակետները տարբեր են։
Ելնելով հուշարձանի ճարտարապետական ու քանդակային հարդարանքի մի շարք տարրերից, եկեղեցին վերագրվում են V դարին։ Եկեղեցին կառուցվել է Գրիգոր վանականի կողմից՝ Թեոդորոս Գնունի եպիսկոպոսի օրոք։ Վերջինս մասնակցել է 648 թվականի Դվինի եկեղեցական ժողովին, ինչի պատճառով էլ հաճախ նշում են, որ եկեղեցին պատկանում է յոթերորդ դարին։
Ճարտարապետական հորինվածքով Սուրբ Հովհաննեսը կենտրոնագմբեթ քառախորան եկեղեցի է։ Կենտրոնում գտնվում է ընդարձակ քառակուսի աղոթասրահը, որի չորս կողմերում բացվում են խորանները։ Ուշ միջնադարում եկեղեցին շրջապատված է եղել պարսպով։ Այդ պարիսպները պահպանվել են մինչև XIX դարի վերջ և 1889 թվականի վերանորոգման ժամանակ քանդվել են։
Եկեղեցու արտաքին տեսքը համեմատաբար զուսպ է։ Ի տարբերություն հետագա դարերի հայկական եկեղեցիների, այստեղ հիմնական շեշտը դրված չէ հարուստ դեկորատիվ հարդարանքի վրա, այլ կառուցվածքային լուծման վրա։ Չորս մեծ կամարների համադրությունը գմբեթի հսկայական ութանիստ թմբուկի համար ապահովում է ամուր հիմք։
Մաստարայի հետ կապված պահպանվել է նաև անվան ծագումը բացատրող ավանդություն։ Ըստ դրա՝ Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից Հայաստան է բերել Հովհաննես Մկրտչի մասունքներից և դրանց մի մասը թողել այս վայրում։ Ժողովրդական բացատրությամբ՝ «Մաստարա» անունը ծագել է «մասն տարա» արտահայտությունից