Նոր Վարագավանք

Նոր Վարագավանք

Նոր Վարագավանքը գտնվում է Տավուշի մարզում՝ Վարագավան գյուղից հարավ-արևմուտք, անտառապատ լեռան լանջին։ Միջնադարյան աղբյուրներում այն սկզբում հայտնի էր Անապատ անունով։ Վանքը եղել է Նոր Բերդի Կյուրիկյան իշխանների հոգևոր կենտրոններից և տոհմական հանգստարաններից մեկը։ Հրաչյա Քարտաշյանը համալիրը համարում է XII–XIII դարերի հայկական ճարտարապետության ինքնատիպ համակառույցներից՝ դրա հիմնական կառուցապատումը կապելով Կյուրիկյանների վերջին ներկայացուցիչներ Դավիթ Բ-ի և նրա որդի Վասակի հետ։

Դեռևս XII-րդ դարում վանքի տեղում բնակատեղի է եղել։ Վանական համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից, տապանատնից, մատուռից և երկու գավիթներից։

Վանքի առաջին թվագրված կառույցը Անապատի եկեղեցին է, որը Դավիթ իշխանը կառուցել է 1198 թվականին։ Այն փոքր, միանավ, թաղածածկ եկեղեցի է, սակայն ունի հազվադեպ հանդիպող առանձնահատկություն․ արևելյան խորանը միջնապատով բաժանված է երկու անհավասար բեմերի։ Արևմտյան ճակատում է միակ մուտքը, որի երկու կողմերում տեղադրված են զարդաքանդակ խաչքարեր։ Եկեղեցին երբեմն անվանվել է Սուրբ Նշան, հավանաբար այստեղ պահված Վարագա Սուրբ Նշանի պատճառով։

Համալիրի գլխավոր կառույցը Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Այն դրսից ուղղանկյուն, ներսից խաչաձև գմբեթավոր դահլիճ է և ունի չորս երկհարկ ավանդատուն։ Արևմտյան մուտքի արձանագրություններից մեկը թվագրված է 1224 թվականով, իսկ մյուսը հայտնում է, որ եկեղեցու շինարարությունն ավարտվել է 1237 թվականին։ Երկու արձանագրություններում էլ կառուցող է հիշատակվում Դավիթ իշխանի որդի Վասակը։ Խորնաին պահպանված է «ԱՆԵՑԻ ՎԱՐԴՊԵՏ ԳԱԶԱՆ» արձանագրությունն է, որով ենթադրվում է, որ Գազանը եկեղեցու ճարտարապետն է։

Արևմտյան կողմում գտնվող մեծ գավիթը համալիրի վերջին խոշոր կառույցն է։ Այն իր տեսակի մեջ ամենախոշոր հայկական գավիթներից է համարվում։

Հիմնական կառույցներից 100 մ հարավ-արևմուտք կառուցվել են երկու առանձին մատուռ։ Վերջինիս շուրջ տարածված է միջնադարյան գերեզմանոցը։ Նախկինում պահպանվել են նաև վանքի պարսպի և միաբանների խցերի ավերակներ։


Քարտեզ