Մոխրաբլուրը վաղ բրոնզեդարյան բազմաշերտ բլուր-բնակատեղի է Արարատյան դաշտում՝ Էջմիածնից մոտ 4 կմ հարավ, Քասաղ գետի հին հունի ձախ ափին։ Հնավայրի տարածքը մոտ 3.5 հա է, իսկ մշակութային շերտի առավելագույն հաստությունը հասնում է շուրջ 10 մ-ի։ Այստեղ բացվել են մեկը մյուսի վրա ձևավորված 12 բնակեցման հորիզոնների մնացորդներ։ Հնավայրի հիմնական՝ ավելի քան 8 մ հաստությամբ ստորին շերտում առանձնացվել են ինը հաջորդական բնակատեղիներ։ Դրանցից ամենահինը վերաբերում է մ.թ.ա. IV հազարամյակի երկրորդ կեսին, իսկ վաղ բրոնզեդարյան բնակեցման վերին փուլը հասնում է մինչև մ.թ.ա. III հազարամյակի կեսերը։
Հնագույն բնակատեղին բաղկացած է եղել կլոր հատակագծով, հում աղյուսից կառուցված ոչ մեծ կացարաններից։ Մ․ թ․ ա․ III հազարամյակի 1-ին կեսին այն կառուցապատվել է հաստ պատեր ունեցող խոշոր շինություններով և դրսից պարսպապատվել։ Կենտրոնական հրապարակում կառուցվել է տաճարը, կենտրոնում՝ 4,5 մ բարձրությամբ, գագաթի մասում զոհասեղան ունեցող աշտարակով։ Տաճարը մոնումենտալ ճարտարապետության՝ ՍՍՀՄ տարածքում մինչև օրս հայտնի հնագույն կոթողն է։
Մոխրաբլուրի XI–IX շերտերում հայտնաբերվել է փոսիկավոր ու ռելիեֆային զարդերով վաղ Կուր-Արաքսյան խեցեղեն, իսկ VIII–III շերտերում արդեն տարածվել է Շրեշ-բլուրի նյութերին մոտ խեցեղեն։
Հնավայրից հայտնաբերված առարկաները պատկերացում են տալիս նաև բնակիչների ծիսական կյանքի մասին։ Հայաստանի պատմության թանգարանի վաղ բրոնզի դարի հավաքածուում Մոխրաբլուրից ներկայացված են ծիսական օջախներ, հենակ-պատվանդաններ, կավանոթներ, մարդակերպ և կենդանակերպ կավե արձանիկներ։
Մոխրաբլուրում գտնվել են նաև ջրային պատվարներ։ Դրանք նախատեսված էին ջրի կուտակման ու հոսքի կարգավորման համար և հնարավորություն էին տալիս նաև տիղմով հարստացնել մշակվող հողերը։ Բնակիչները Քասաղ գետի հունը հատել են երկար պատվարով՝ ստեղծելով հիդրոտեխնիկական բարդ կառույց։ Արհեստների զարգացումը սերտորեն կապված է եղել բրոնզի մշակման հետ։
Շերտագրական տվյալներով այստեղ բնակությունը կրկին վերականգնվել է վաղ երկաթի դարում, ապա ընդհատվել և նորից շարունակվել հելլենիստական ժամանակաշրջանում։