Հոգեվանք

Հոգեվանք

Հոգեվանքը, որը հայտնի է նաև Կարմիր վանք անունով, գտնվում է Շիրակի մարզում՝ Սառնաղբյուր գյուղից մոտ 3 կմ հյուսիս-արևմուտք։ Այսօրվա պահպանված ամենախոշոր կառույցը 1205 թվականին կառուցված Ս․ Կարապետ եկեղեցին է, սակայն համալիրն ավելի վաղ թվականների շերտեր ունի։ Գլխավոր եկեղեցուց մոտ 50 մ հյուսիս պահպանվել են V դ. միանավ և VII դ. քառախորան եկեղեցիների որմերի ստորին շարքերը:

1205 թվականի եկեղեցին գմբեթավոր սրահի տիպի կառույց է։ Արևելքում կիսաշրջանաձև ավագ խորանն է, երկու կողմերում՝ ուղղանկյուն, թաղածածկ ավանդատներով։ Եկեղեցին ունի արևմտյան և հյուսիսային մուտքեր, իսկ ճակատները մշակված են խոր խորշերով։ Հիմնական շարվածքում օգտագործվել է կարմիր սրբատաշ տուֆ։

Հուշարձանից պահպանվել է հատակագծային հորիվածքը։ Այն կազմված է իրար կպած, 2,5մ տրամագիծ ունեցող խորաններից։ Խորանները արտաքինից ընդգրկված են եռանիստ պատերի մեջ, որով էլ Հոգեվանքը առանձնանում է վաղ շրջանի փոքր քառախորան հուշարձանների շարքում։

Իսկ ինչ վերաբերում է եկեղեցու արտաքին հարդարանքին՝ պահպանվել է միայն քիվի մեկ կտոր՝ զամբյուղաձև մոտիվով։

Սուրբ Կարապետ եկեղեցու տարածքում պահպանվել են IV–V դարերի քառակող կոթողների և XIII դարի խաչքարերի քանդակազարդ բեկորներ: Սակայն արձանագրությունները ժամանակի ընթացքում անընթեռնելի են դարձել։


Քարտեզ