Գնդեվանք

Գնդեվանք

Գնդեվանքը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Գնդեվազ գյուղից հարավ-արևմուտք, Արփա գետի ձախ ափի խոր ձորում՝ ժայռերով շրջապատված թեք հարթության վրա։

Վանքի հիմնադրման մասին հիմնական տեղեկությունը տալիս է XIII դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը։ Ըստ նրա՝ Գնդեվանքը կառուցել է Սյունյաց գահերեց իշխան Սմբատի կինը՝ Սոփիա իշխանուհին, 936 թվականին։ Վանքի արևմտյան պատի արձանագրության մեջ Սոփիան գրում է․ «Վայոց ձորն անակ մատանի էր, շինեցի սա և եդի ակն վերայ»։

Գնդեվանքի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Ստեփանոսը, կառուցվել է 931–936 թվականներին։ Այն արտաքինից խաչաձև, կենտրոնագմբեթ, քառախորան եկեղեցի է՝ արևելյան կողմում երկու ավանդատներով։ Կառույցը շարված է սրբատաշ բազալտով։ Խաչաթևերի արտաքին պատերին կիրառված են հայկական ճարտարապետությանը բնորոշ եռանկյունաձև խորշեր, որոնք թեթևացնում են պատերի զանգվածայնությունը և ունեն նաև դեկորատիվ նշանակություն։

Սուրբ Ստեփանոս եկեղեցուն կից վանահայր Քրիստափորը կառուցել է գավիթը։ XIII–XIV դարերում վանքը շարունակել է գործել և ընդարձակվել։ Պահպանված արձանագրությունները վկայում են 1309 թվականին իրականացված նորոգումների մասին։ Հետագայում՝ XVII դարում, հատկապես 1691 թվականին, վանահայր Պետրոս վարդապետի նախաձեռնությամբ վերանորոգվել են եկեղեցին և գավիթը, կառուցվել են պարիսպներ՝ աշտարակներով, ինչպես նաև բնակելի և տնտեսական շինություններ։

Եկեղեցու ներսում պահպանվել են որմնանկարների մնացորդներ։

1968–1971 թվականներին իրականացվել են համալիրի վերանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներ։


Քարտեզ