Բջնիի ամրոցը գտնվում է Կոտայքի մարզի Բջնի գյուղի արևելյան կողմում՝ Հրազդան գետի աջ ափի ժայռոտ հրվանդանի վրա։ Ամրոցը բաժանված է երկու հիմնական հատվածի՝ Մեծ կամ Վերին բերդի և Ստորին բերդի։ Վերին հատվածում են Սուրբ Խաչ եկեղեցու հիմնապատերը, X դարի ջրամբարը և քաղաքացիական շինության մնացորդները, իսկ Ստորին բերդում՝ X դարի գաղտնուղին և X–XVII դարերով թվագրվող բնակելի ու արտադրական բազմաշերտ կառույցները։
Բջնիի միջնադարյան ամրոցի պատմությունը X դարից կապված է Պահլավունիների իշխանական տան հետ։ Նրանք վերակառուցել են ավելի վաղ ամրությունը և այն դարձրել իրենց իշխանանիստ բերդաքաղաքը։ XI դարում Բջնին եղել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու տիրույթներից։ Բագրատունյաց թագավորության անկումից հետո՝ 1045 թվականին, Գրիգոր Մագիստրոսը Բջնին իր մյուս տիրույթների հետ զիջել է Բյուզանդիային՝ Միջագետքում ստացած կալվածքների դիմաց։
Հյուսիսում պահպանվել են շուրջ 120 մ երկարությամբ բուրգավոր պարսպի հատվածներ։ Այստեղ էր գտնվում նաև գլխավոր դարպասը։
2007–2008 թվականներին ամրակայվել ու վերականգնվել են պարիսպների, աշխարհիկ շինությունների և եկեղեցիների առանձին հատվածներ, ինչպես նաև ջրամբարն ու գետնուղու սկիզբը։
XIII դարի սկզբին Բջնին անցել է Զաքարյաններին, իսկ XIV դարի վերջում ենթարկվել է Լենկթեմուրի արշավանքներին։