«Արփի լիճ» ազգային պարկ

«Արփի լիճ» ազգային պարկ


Արփի լիճը գտնվում է Թուրքիայի և Վրաստանի սահմանին՝ ՀՀ ամենացուրտ շրջաններից մեկում՝ Աշոցքի բարձրավանդակում։ Լճի հարևանությամբ գտնվող Պաղակն բնակավայրում է գրանցվել ՀԽՍՀ ամենացածր ջերմաստիճանը՝ -46°C։ Արփի լճից սկիզբ է առնում Ախուրյան գետը, իսկ արհեստականորեն մեծացվելուց հետո այն դարձել է Հայաստանի երկրորդ ամենամեծ ջրային ավազանը՝ Սևանից հետո։

Մինչև 1950 թ. Արփի լիճը բնական լիճ էր, սակայն ԽՍՀՄ տարիներին այն վերածվեց լիճ-ջրամբարի և արհեստականորեն մեծացվեց՝ ջրային պաշարներ հավաքելու և ոռոգման նպատակով։ Ձմռանը լճի վերին շերտը ամբողջությամբ սառում է։

Տարածքի բնաշխարհը պահպանելու համար 2009 թ. ստեղծվել է Արփի լճի ազգային պարկը։ Այստեղ գրանցվել է ավելի քան 140 թռչնատեսակ, իսկ տարածքը համարվում է Հայաստանի հետաքրքիր վայրերից մեկը թռչնադիտարկման համար։ Արփի լճի հարևանությամբ է գտնվում հայկական որորի ամենամեծ գաղութն աշխարհում, իսկ գանգրափետուր հավալուսնի համար սա Հայաստանի միակ բնադրավայրն է։ Ազգային պարկում կարելի է հանդիպել նաև սև արագիլի, կռունկի և այլ հազվագյուտ ու վտանգված թռչունների։

Ազգային պարկը հարուստ է նաև բուսականությամբ․ այստեղ աճում է ավելի քան 670 տեսակի բույս, որոնցից մի մասը էնդեմիկ և Կարմիր գրքում ընդգրկված տեսակներ են։ Արփի լճի շրջակայքը հետաքրքիր է ոչ միայն թռչնադիտարկման, այլև քայլարշավների, լուսանկարչության և բնության խաղաղ մթնոլորտը վայելելու համար։ Բարձրադիր լիճը, բաց տարածությունները և հարուստ կենդանական աշխարհը Արփին դարձնում են Շիրակի ամենատարբերվող ուղղություններից մեկը։

360 պատմություններ

Քարտեզ