Կոմիտասը հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և խմբավար է: Նա նաև հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է:Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (ըստ հին տոմարի` հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն) քաղաքում։
Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և սիրել են երգել։ Կոմիտասը նրանց միակ զավակն էր։ Երբ նա ծնվեց, մայրն ընդամենը 16 տարեկան են։ Ծնողները Կոմիտասին մկրտել են ծնունդից երեք օր անց և տվել Սողոմոն անունը։ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, երբ մահացավ նրա մայրը, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։ Երեխայի խնամքով զբաղվել է հայրական տատը, որը, ցավոք, նույնպես երկար չի ապրել։ Կոմիտասի առաջին ստեղծագործությունները նվիրված էին մորը։
1880 թվականին՝ ավարտելով իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարանը, հոր նախաձեռնությամբ մեկնում է Բուրսա քաղաք՝ ուսումը շարունակելու։ Նա վերադառնում է հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։ Կոմիտասի մանկության ընկերը նրան բնութագրում էր որպես «գրեթե անօթևան»։
1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի պահանջի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։
Հրաշալի ձայնի շնորհիվ՝ Սողոմանն ընդունվում է ճեմարան: Գևորգ 4-րդ կաթողիկոսը շատ է տպավորվում տղայի գեղեցիկ ձայնով , երբ նրանք առաջին անգամ հանդիպում են 1881 թ.: Կաթողիկոսին միայն անհանգստացնում է այն, որ պատանին լավ չի խոսում հայերեն․ Օսմանյան կայսրությունում արգելվում էր հայերեն խոսել:
Ճեմարանում Սողոմոնը վերջապես գտնում է «հոգևոր և մտավոր կայունություն»: Թեև Սողոմոնը շատ է ճամփորդել Եվրոպայի տարբեր երկրներում, սակայն 1881-1910թթ անցկացրել է հիմնականում Էջմիածնում: Այստեղ Սողոմոնը բացահայտում է իր սերը երաժշտության հանդեպ․ նա գրի էր առում իր լսած բոլոր երգերը։ Տեղացիները սկսում են նրան անվանել «Նոտայի Վարդապետ»։
1890-ականների սկզբին Սողոմոնն առաջին անգամ փորձում է երաժշտություն գրել բանաստեղծությունների հիման վրա: Նա ընտրում է Խաչատուր Աբովյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները: 1891 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արարատ պաշտոնական թերթում տպագրվում է նրա «Ազգային օրհներգ» երգը՝ բազմաձայն երգչախմբի համար։ Նրա վրա մեծ ազդեցությունն է թողել Քրիստափոր Կարա-Մուրզան, ով ճեմարանում դասավանդել է ընդամենը մեկ տարի՝ 1892 թվականին։
1893 թվականին ավարտում է Գևորգյան ճեմարանը և նշանակվում է ճեմարանում երաժշտության ուսուցիչ։ 1894 թվականի սեպտեմբերին ձեռնադրվում է աբեղա՝ Կոմիտաս անունով, իսկ 1895 թվականի ձեռնադրվում է վարդապետ, որից հետո բոլորը նրան գիտեին որպես Կոմիտաս Վարդապետ։
Նրա ժողովրդական երգերի առաջին հավաքածուն՝ «Շար Ակնա ժողովրդական երգերի» ներառում էր սիրային, հարսանեկան, օրորոցային և պարային 25 երգեր։ Այն արժանացավ Էջմիածնի պահպանողական հոգևորականների քննադատությանը, ովքեր հալածում էին Կոմիտասին և հեգնանքով անվանում «սեր երգող քահանա»։
1895 թվականին Կոմիտաս Վարդապետը մեկնում է Թիֆլիս և վեց ամիս հարմոնիա է ուսանում Մակար Եկմալյանի մոտ։ Այստեղից նա մեկնում է Բեռլին՝ նոր գիտելիքներ ստանալու։ 1899 թվականին Բեռլինում երաժշտական-փիլիսոփայական-պատմական գիտելիքների բաժինն ավարտելուց հետո նա վերադառնում է Էջմիածին։
Վերադառնալով Գևորգյան ճեմարան՝ Կոմիտաս Վարդապետը սկսեց վարել Մայր Աթոռի դպրապետի պաշտոնը՝ ճեմարանում դասավանդելով երաժշտություն։ Նա հավաքագրեց և սկսեց ղեկավարել մեծ բազմաձայն երգչախումբ։ Այդ պաշտոնում Կոմիտասը մնաց մինչև 1906 թվականը։
Կոմիտասը ամառն անց էր կացնում Հայաստանի տարբեր գյուղերում՝ հավաքագրելով գեղջկական երգերը, ինչի արդյունքում լույս է տեսնում նրա «Հազար ու մի խաղ» հավաքածուն։ 1910 թվականին՝ այլևս չցանկանալով մնալ էջմիածնոմ, Կոմիտասը մեկնում է Կոստանդնուպոլիս։ Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը և երգչախմբի հետ համերգներ է տալիս տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։ Նրա նպատակն էր հանդիսատեսին ներկայացնել հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությունը։
1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ծանր է անդրադառնում հանճարեղ երաժշտի հետագա կյանքի վրա։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է:
Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։
Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։ Նրա թողած վերջին գրության մեջ հնչում է անելանելիությունն ու խոր հուսահատությունը.
«Հոտն անհովիւ՝ մոլոր ու շփոթ, աներևւոյթ և անզուսպ ալիքներ յախուռն կը յուզին ի խորս մեր հալածական և ողբեգալի կենաց ծովու: Անմիտ որսորդներ բոլորած՝ միամիտ ձկներ ցանցած: Մթնոլորտը թոյն կը տեղայ, բուժիչ ուժ չկայ: Աւերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մէկ կողմէն, անտարբերությիւն, օտարամոլությիւն ու ցեխոտ սրտեր միւս կողմէն... Ու՞ր է մեր խոհական Խորենացին. թող ելլէ՛ արյիւնաքամ հողու տակէն և ողբայ մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը... Սիրտս փլած է...»
Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ.-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։