Հայկական մշակույթը գալիս է դարերի խորքից և ներառում է հետևյալ տարրերը, որոնք նույնպես ճյուղավորված համակարգեր են՝
Հայոց լեզուն
Հայերենը Հայաստանի ազգային լեզուն է։ Այն համարվում է Հայաստանի հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հանրապետության պետական լեզուն։
Հայերենն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է, որը սկիզբ է առել հայկական լեռնաշխարհում և պատկանում է հնդեվրոպական լեզուների ընտանիքին, որտեղ առանձին լեզվաճյուղ է։
Աշխարհահռչակ անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնն ասել է՝ «Հայերենն Աստծո հետ խոսելու լեզուն է»։
Քրիստոնեության՝ որպես պետական կրոն ընդունելուց հետո, գրավոր լեզվի առկայության պահանջարկ կար։ Մեսրոպ Մաշտոցն առաջարկեց այս խնդրի լուծումը։ 405 թ․ նա ստեղծեց հայերեն առաջին գրավոր այբուբենը։ Նախքան հայոց գրերի գյուտը հայոց լեզուն գործում էր միայն բանավոր խոսքում։ Ի սկզբանե, մեսրոպյան հայերենն ուներ 36 տառ։ 3 տառ ավելացվել են 12-րդ դարում։
Հայ գրերի գյուտը խթանեց թարգմանությունները։ Հայերեն թարգմանված առաջին նախադասությունն էր «ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Այս նախադասությունը գրված է գրաբար հայերենով և նշանակում է «ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի գործերը»։ Հնագույն ձեռագրերի մեծ մասը (ավելի քան 17,000 օրինակ) գրվել է հին հայերենով և այժմ պահվում են Երևանում՝ Մատենադարանում։ Այդ ժամանակաշրջանի՝ 5-րդ դարի նշանավոր պատմիչներից են Մովսես Խորենացին, Կորյունը, Ագաթանգեղոսը, Եղիշեն և շատ ուրիշներ։
Հայկական թատրոնը
Հայկական թատրոնն աշխարհում հնագույններից է։ Այն ձևավորվել է ՔԱ 1-ին հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից։ Ըստ պատմիչ Պլուտարքոսի՝ հայոց արքա Տիգրան Մեծը Քա 69 թ․ մայրաքաղաք Տիգրանակերտում կառուցել է հելենիստական ոճի մի ամֆիթատրոն։
Միջին դարերում հայկական թատրոնը զարգացավ Կիլիկյան թագավորության օրոք և դարձավ հայկական մշակույթի կենտրոններից մեկը։ 19-րդ դարում հայկական ներկայացումներին ավելացան որոշ ռուսական ինչպես նաև շեքսպիրյան նովելներ։
Հայկական երաժշտություն
Հայկական երաժշտությունը ձևավորվել է Քա 2-րդ հազարամյակում, իսկ առաջին անգամ հիշատակվել Մովսես Խորենացու և Փավստոս Բուզանդի աշխատություններում։ Ըստ Մովսես Խորենացու՝ մենք ունեցել ենք «փանդիռ» կոչվող երաժշտական գործիք: Իսկ Բուզանդն իր աշխատություններում նշում է, որ հայերն ունեին շվի, քնար, շեփոր և հարվածային գործիքներ։ Հին ձեռագրերում կարելի է երգերի տեքստեր գտնել Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին (նախաքրիստոնեական ժամանակահատված)։ Ըստ պատմիչ Ագաթանգեղոսի՝ դեռ 4-րդ դարում հայերը դպրոցներում երաժշտություն էին դասավանդում։
Գրերի գյուտից հետո երաժշտությունը սկսեց զարգանալ, և Մեսրոպ Մաշտոցը հոգևոր երգեր գրեց։ 5-րդ դարում առաջ եկան սաղմոսները, որոնք լայնորեն տարածվեցին եկեղեցական արարողությունների ժամանակ։ 16-րդ դարում տարածվեց մի նոր տեսակի երաժշտություն, որը երգողները կոչվում էին մենեստրել՝ շրջիկ երաժիշտ։ Նրանք ազգային բանաստեղծ-երգիչներ էին, ովքեր մեծ դեր խաղացին հայկական երաժշտության պատմության մեջ։ Ամենահայտնի երգիչներից էին աշխարհահռչակ Սայաթ-Նովան, Նաղաշ Հովնաթանը, Ջիվանին, Շերամը և Հավասին։
Դասական երաժշտությունը Հայաստան հասավ 19-րդ դարում (1813-1815թթ․) Համբարձում Լիմոնչյանի գլխավորությամբ։ Հայկական առաջին օպերան «Արշակ 2-րդ»-ն էր, որը ստեղծվեց Տիգրան Չուխաջյանի կողմից 1868թ․։ Հենց այդ ժամանակահատվածում էլ ազգային ազատագրական գաղափարների հիման վրա ձևավորվեց նոր երաժշտական մշակույթ։ Հայկական պատմության կարևորագույն դեմքերից մեկը՝ Կոմիտասը, սկսեց իր երաժշտական կարիերան և փոխեց երաժշտական արվեստի պատմությունը։ Նա ուսուցիչ էր, ով հսկայական մշակութային ժառանգություն թողեց, որը մինչ այժմ օգտագործվում է ներկայիս հայ երաժշտության մեջ։
Հայկական ազգային պարերը
Հայ ազգային պարերը սկիզբ են առել դեռ նախաքրիստոնեական ժամանակահատվածում։ Հնագույն պարերն ավանդական միջոցառումների անբաժան մասն էին կազմում։ Հետագայում դրանք կորցրեցին նշանակությունը և տեղի էին ունենում միայն հարսանիքների և արարողությունների ժամանակ։ Ըստ պատմիչների՝ Գողթն գավառը հայտնի էր երաժիշտներով և պարողներով, ովքեր փանդիռ էին նվագում և պարում։ Հայկական պարերը լինում էին խմբակային, մենակ, զույգով, շրջանաձև և այլն։ Հայկական տարատեսակ պարեր կան, սակայն ամենահայտնիներն են՝
- Լորկե
- Քոչարի
- Յարխուշտա
- Բերդ
Գորգագործություն
Գորգագործությունը հայկական արվեստի ավանդական ճյուղերից է և մեր մշակութային խորհրդանիշներից մեկը։ Այն սկզբնավորվել է Քա․ 3-4-րդ հազարամյակներում։ Այս մասին վկայում են հետազոտությունների ընթացքում հայտնաբերված աշխատանքային գործիքները։ Գորգագործությունը հատկապես զարգացել է վաղ միջնադարում՝ Բագրատունիների օրոք։ Նույնիսկ այդ ժամանակ հայկական գորգերը հայտնի էին միջազգային շուկայում։ Օտար պատմիչները (8-12-րդ դդ․) խոսել են մեր գորգերի բարձր որակի մասին։
Հայկական մի շարք հնագույն գորգեր են պահպանվել։ Ամենահինը «Եռախորան»-ն է (1202թ․) և «Գուհար»-ը (1680թ․), որոնք երկուսն էլ հայկական գրություններ են պարունակում։ Մեր ազգային գորգերն իրենց վրա ը գունավոր զարդանախշեր ունեն և քառակուսաձև են։ Պատրաստվում են բրդից կամ թելից և տարբեր նախշեր են ներառում։ Հին ժամանակներում գորգի վրա գրվում էր ամսաթիվը, իրադարձությունը և գորգագործի անունը։ Հիմնական գույներն են կարմիրը, կապույտը և դարչնագույնը։ Հայաստանի յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր յուրահատուկ մոտեցումը գորգեր և կարպետներ գործելու արվեստին։
Հայկական խոհանոցը
Հայկական խոհանոցն արտացոլում է հին Հայաստանի ավանդույթներն ու պատմությունը։ Մենք բազմազան ու հարուստ խոհանոց ենք ժառանգել մեր նախնիներից։ Մեր խոհանոցը ամենահինն է համարվում Ասիայում և Անդրկովկասում։ Այն փաստը, որ դեռ 2500 տարի առաջ հայերը կարողանում էին հաց թխել ու խորոված պատրաստել, ապացուցում է հանդիսանում։ Հայկական ուտեստները հայտնի են իրենց հատուկ համեմունքային համով։ Ամենահայտնի ուտեստները պատրաստվում են մսից։ Յուրաքանչյուր սեղանի ամենագլխավոր և առանձնահատուկ ուտեստը խորովածն է, որը պատրաստվում է խոզի, ոչխարի, տավարի կամ հավի մսից՝ տարբեր տեսակի հավելումներով և, իհարկե, մատուցվում է ավանդական հայկական լավաշի հետ:
Հայկական խոհանոցի մեկ այլ կարևոր բաղադրիչ է հայկական տոլման (կամ դոլմա)՝ հայկական սեղանի 2-րդ գլխավոր ուտեստը։ Մենք պատրաստում ենք տոլմայի ավելի քան 50 տեսակ։ Տոլման պատրաստում են աղացած մսին ավելացնելով բրինձ և տարբեր համեմունքներ, իսկ ստացված զանգվածը կաղամբի տերևներով կամ խաղողի թփով փաթաթելով։ Ձուկը նույնպես իր ուրույն տեղն ունի հայկական սեղանին։ Մենք՝ հայերս, սիրում ենք ձուկ պատրաստել, հատկապես իշխան, թառափ, սիգ։ Հայաստանում նույնիսկ հատուկ փառատոն կա նվիրված ձկով ուտեստներին։
Հավանաբար, խաշն ամենաավանդական ուտեստն է։ Չնայած պատրաստման երկար գործընթացին՝ հայերը սիրում են խաշ։ Այս ուտեստը պատրաստվում է տավարի խաշած ոտքերից, որ նախորոք մաքրվում և լվացվում է։
Բացի համեղ ճաշատեսակներից՝ Հայաստանում կա նաև քաղցրավենիքի լայն տեսականի։ Հայկական ավանդական հայտնի խմորեղեններից գաթան և փախլավան տոնական սեղանի զարդերից են։ Հայկական չրերը տոնական քաղցրավենիքի սեղանի մեկ այլ կարևոր ու անբաժանելի բաղադրիչ են։
Հայկական ճարտարապետությունը
Ճարտարապետությունը հայկական մշակույթի մի կարևոր ոլորտ է։ Մեր լեռնաշխարհը հարուստ է քարով, ուստի հայկական ազգային ճարտարապետության յուրահատկությունը համարվում է հայկական քարերի բազմազանությունը։ Հատկապես նշանավոր է հայկական տուֆը՝ իր բացառիկ տեսակներով, գեղարվեստական և մեխանիկական առանձնահատկություններով: Խաչքարը բացառիկ երևույթ է հայկական արվեստում։ Վարպետը սեփական զգացմունքներն ու երազանքներն արտահայտելու նպատակով օգտագործում է խաչը։ Ճարտարապետական կառույցներին հավասար՝ խաչքարերը հայկական ճարտարապետության լավագույն ստեղծագործություներն են (Ռաֆայել Իսրայելյան)։
Հայկական շինությունները յուրահատուկ և անսովոր դիզայն ու ճարտարապետական ոճ ունեն։ Երևանը՝ Հայաստանի սիրտը, լի է արձաններով, շենքերով և այլ հուշարձաններով, որոնք հատուկ տեսք են տալիս այս հին քաղաքին։ Յուրաքանչյուր շինություն նոր շունչ է տալիս հայոց գեղեցիկ ու վարդագույն մայրաքաղաքին: Հայ ճարտարապետներն ու վարպետները ստեղծել են այնպիսի շենքեր, որոնք զարմացնում են բոլորին մինչ օրս։ Երևանը, լինելով Հայաստանի մայրաքաղաք, հայտնի է իր բացառիկ, ազդեցիկ և նշանավոր կառույցներով։