Սևանա լիճ-Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհին

Սևանա լիճ-Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհին

November 27, 2017

Սևանա լիճը տեղակայված է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում՝ Գեղարքունիքի մարզում: Սևանը համարվում է հնագույն հայկական թագավորության երեք ամենամեծ լճերից մեկը, Վանա և Ուրմիա լճերի հետ միասին: Այն անվանում են Հայաստանի «կապույտ աչքեր»։ Լիճը շրջապատված է Գեղամա, Վարդենիսի, Փամբակի, Սևանի և Արեգունու լեռնաշղթաներով: Հայաստանի կապույտ գեղեցկուհին գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա, ընդհանուր մակերեսը 5000 կմ² է: Այն հայտնի է նաև «Գեղամա ծով» և «Գեղարքունյաց ծով» անուններով:

Սևանա լիճ

Սևանն աշխարհի բարձրլեռնային քաղցրահամ ամենախոշոր լճերից մեկն է, որի մեջ թափվում է մոտ 28 գետ: Լճի բարձրությունը ծովի մակարդակից շուրջ 1900 մետր է։ Հետազոտությունները պարզել են, որ լիճը գոյացել է մոտ 25 հազար տարի առաջ՝ հրաբխային գործունեության հետևանքով։ 

Սևանը հայտնի է նաև շատ հազվագյուտ և էնդեմիկ «իշխան» ձկնատեսակով, որը ցավոք կանգնած է ոչնչացման եզրին և գրանցված է Կարմիր գրքում: Լճի մյուս ձկնատեսակներն են սիգը և կողակը:

Մեր կապուտաչյա գեղեցկուհին բաղկացած է երկու անհավասար մասերից՝ մեծ և փոքր: Հյուսիս-արևմտյան մասում գտնվում է Սևանա թերակղզին, որը հայտնի է միջնադարյան վանքերով և խաչքարերով: Ի դեպ, թերակղզին նախկինում եղել է կղզի, որը ջրերի իջեցման հետևանքով վերածվել է թերակղզու։ Պեղումների արդյունքում պարզվել է, որ լճի շրջակայքը բնակեցված է եղել դեռևս նոր քարե և բրոնզե դարերում:

Եկեղեցիներ Սևանա լճի տարածքում

Քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանում ամենուրեք կառուցվեցին եկեղեցիներ և վանքեր: Կղզու առաջին երկու եկեղեցիները՝ Սուրբ Հարությունը և Սուրբ Կարապետը, հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 305 թ․-ին: Վանական համալիրը ներառում է նաև Սուրբ Առաքելոց եկեղեցին, վանական խցեր և գավթի ավերակները: Թերակղզուց բացվում է լճի և շրջակայքի հրաշալի տեսարան:

Այստեղ կա նաև մի փոքր մատուռ՝ «Մաշտոցներ» անունով, որը հիմնադրվել է 9-րդ դարում Մաշտոց Եղվարդեցու կողմից, ում անունով էլ անվանվել է: Մաշտոցները հատուկ սրբավայր է տեղացիների համար, քանի որ նրանք հավատում են, որ այստեղ հոսող թարմ աղբյուրը բուժիչ հատկություն ունի:

Ամենահայտնի վանքը, սակայն, Սևանավանքն է և, գուցե, ամենաայցելվողներից։ Սևանի մյուս ափին՝ Նորատուս տանող ճանապարհին էլ Հայրավանքն է։

Սևանավանք

Սևանա լճի բուսական և կենդանական աշխարհը

Եթե ​​ձեզ հետաքրքրում է լճի բուսական և կենդանական աշխարհը, կարող եք այցելել Սևանի բնագիտական թանգարան, որտեղ կծանոթանաք Սևանի շրջակա միջավայրին և պատմությանը, ֆաունային, ֆլորային, լճի ընդերքին և էկոլոգիական վիճակին, ինչպես նաև կիմանաք տարածաշրջանում հայտնաբերված հին կենցաղային և աշխատանքային գործիքների պատմությունը: 

Սևանում կարող եք այցելել նաև բուսաբանական այգի, որը գտնվում է ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա և ունի ավելի քան 450 բուսատեսակ:

Սևանի թերակղզի

Սևանա լիճը Հայաստանի ամենաշատ այցելվող տուրիստական ​​վայրերից է: Լճի ափին շատ են հյուրանոցները և հանգստյան տները։ Լողափներից շատերը մասնավոր են, սակայն կան նաև հանրային լողափներ, որտեղ մուտքն անվճար է: Լողափի բաց տաղավարները հարմար են խնջույքների համար:

Այստեղ կարելի է հանգստանալ, արևայրուք ընդունել, նավարկել, վոլեյբոլ և թենիս խաղալ, ինչպես նաև զբաղվել վինդսերֆինգով և սերֆկայտինգով: 

 

Ձեզ կհետաքրքրի նաև