Ամբերդ

Ամբերդ

August 19, 2019

Հայաստանը հայտնի է ոչ միայն իր եկեղեցիներով և վանքերով, այլ նաև հնագույն ամրոցներով։ Այս կառույցները, որոնք սովորաբար տեղակայված են բարձրադիր բլուրների և հրվարդանների վրա, հայկական մշակույթի և պատմության կարևոր մասն են կազմում։

Հայաստանի տարբեր մարզերում շատ են հին կառույցները և ամրոցները։ Այսօր մենք կխոսենք Ամբերդ ամրոցի մասին, որը գտնվում է Արագածոտնի մարզում։

Ամբերդի պատմությունը

Ամբերդը 10-րդ դարի ամրոց է, որը տեղակայված է Արագած լեռան հարավային լանջին` Ամբերդ և Արկաշեն գետերի հարևանությամբ: Այս պատմական վայրը գտնվում է Երևանից մոտ 50 կմ հեռավորության վրա: Ամբերդի պատմությունը սկսվում է բրոնզե դարից և ուրարտական ​​ժամանակներից:

Ամրոցի որոշ հատվածներ կառուցվել են 7-րդ դարում: Ամբերդը եղել է հզոր և անառիկ բերդաքաղաք և հանդիսացել է հայոց արքաների և իշխանների կարևորագույն ռազմական հենարաններից մեկը: X դարում Բագրատունի արքաներն այն հանձնել են հայոց զորքերի սպարապետներ Պահլավունի իշխաններին:

Ամբերդի պատմությունը

Վահրամ Փահլավունու հրամանով այստեղ կառուցվել է եկեղեցի և անվանվել «Վահրամաշեն»՝ մեծ հրամանատարի պատվին: Ըստ որոշ աղբյուրների, եկեղեցին կառուցվել է 1026 թվականին և մինչ օրս պահպանում է իր սկզբնական վիճակը: Վահրամաշեն եկեղեցին դրսից խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ կառույց է և առաջինն է այն եկեղեցիներից, որոնք չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ։ 

Իր պատմության ընթացքում ամրոցը միշտ եղել է թշնամիների ուշադրության կենտրոնում և հաճախակի է ենթարկվել հարձակումների: 1070-ականներին սելջուկ-թուրքերը գրավել են այն և դարձրել իրենց զորակայանը: Բարեբախտաբար, 1196 թվականին հայ-վրացական համատեղ ուժերին՝ Զաքարե և Իվանե Զաքարյանների գլխավորությամբ, հաջողվում է ջախջախել ամիրայության ռազմական ուժերը և ազատագրել Ամբերդը։ 

1215 թվականին Զաքարյանները հանձնել են ազատագրված ամրոցը քաջարի զորավար Վաչե Վաչուտյանին, որն այն վերանորոգել և դարձրել է իր իշխանանիստը: Սակայն 1236 թվականին Ամբերդը կրկին գրավվել և ավերվել է մոնղոլների կողմից: Ամրոցը վերջնականապես կործանվել է Լենկթեմուրի արշավանքների ժամանակ՝ XIV դարի վերջին և այլևս չի վերականգնվել:

Ամբերդի խաչքարերը

20-րդ դարում այստեղ կատարվել են հնագիտական պեղումներ և որոշ վերակառուցողական աշխատանքներ։ Պեղումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ գաղտնի գետնուղիներ, որոնք տանում են դեպի գետերի հուները։ Բերդաքաղաքն ունեցել է նաև ջրահեռացման համակարգ՝ լավ պահպանված մինչև այսօր։

Ուշագրավ է պեղումների ընթացքում հայտնաբերված հայկական լավաշը, որը պահպանվել էր 12-րդ դարից և չէր փչացել․ Պատկերացնու՞մ եք, այն նույնիսկ կարելի էր ուտել։

«Ամբերդ» անվանումը   

Ամրոցի անվանումը կազմված է «ամ»՝ ամպ և «բերդ»՝ ամրոց բառերից։ Փաստորեն Ամբերդ նշանակում է «Ամրոց ամպերի մեջ»։ Հասկանալի է, թե ինչու է ամրոցն այսպես անվանվել․ այն կանգնած է Արագած լեռան լանջին՝ գետերով շրջապատված հրվանդանի եզրին՝ ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա։ Հանդիպում է նաև ամրոցի անվան Անբերդ տարբերակը, որը նշանակում է անառիկ, անմատչելի բերդ: 

Ամբերդի ճարտարապետությունը

Ամբերդը Հայաստանի ամենամեծ ամրոցներից է, որը կարևոր դեր է խաղացել հայոց պատմության տարբեր ժամանակաշրջաններում։ Ամրոցի ճարտարապետությունը պարզ է և, միևնույն ժամանակ, շատ լավ մտածված և հմտորեն կառուցված։ Այն բաղկացած է իշխանական եռահարկ դղյակից, բերդապարիսպներից, բաղնիքից, փոքր մատուռից և եկեղեցուց։ Մատուռը, որը կառուցվել է X դարում, լավ պահպանվել է և գտնվում է դղյակի հարավային մասում։ Բերդաքաղաքը պաշտպանված է եղել պարիսպներով և աշտարակներով, որի պատերը կառուցված են բազալտե զանգվածային սալիկներից: Պարիսպների հաստությունը հասնում է մինչև 4 մետրի:

Ամբերդի ճարտարապետությունը

Ամրոցի հարկերը միմյանցից առանձնացված են եղել գերանների վրա ամրացված փայտե տախտակներով: Առաջին և երկրորդ հարկերում եղել են հնգական սենյակներ: Սենյակների դասավորությունը թույլ է տվել մուտք գործել մի սենյակից մյուսը։ Երրորդ հարկում եղել են արքունական ընտանիքի առանձնասենյակները, ինչպես նաև ընդունելությունների համար նախատեսված տարածք: 

Ուղևորություն դեպի Ամբերդ

Ուղևորությունը դեպի Ամբերդ հատկապես գրավում է նրանց, ովքեր հետաքրքրված են պատմությամբ և ցանկանում են ուսումնասիրել և պատկերացնել դարեր առաջ գոյություն ունեցած ապրելակերպը։ Ամբերդը պոպուլյար է ոչ միայն քայլարշավների սիրահար տեղացի զբոսաշրջիկների մոտ, այլ նաև հազարավոր օտարերկրացիների շրջանում, ովքեր այցելում են Հայաստան:

Ամրոցը գտնվում է մայրաքաղաքից ոչ շատ հեռու և, եթե ուղևորվեք Երևանից, ապա կհասնեք Ամբերդ ընդամենը մի քանի ժամում։ Նախ հարկավոր է մեքենայով հասնել Արագած լեռան հարավային ստորոտը, այնուհետև գրեթե յոթ կիլոմետր ոտքով բարձրանալ դեպի միջնադարյան այս ամրոցը։ 

Երբ վերջապես հաղթահարեք այս փոքր-ինչ դժվարին, սակայն շատ հետաքրքիր ճանապարհը և հասնեք դարերի պատմություն ունեցող Ամբերդին, կզգաք ամրոցի երբեմնի հզորությունն ու վեհությունը և մտովի կտեղափոխվեք այն հերոսական ժամանակները, երբ բերդաքաղաքում եռում էր կյանքը։

Ամրոց տանող ճանապարհին դուք նաև կծանոթանաք Հայաստանի աննկարագրելի բնաշխարհին։

Ձեզ կհետաքրքրի նաև