Խոր Վիրապ

place

icon-mapH11, 0612, Արարատի մարզ

icon-phone+37477 380050

Խոր Վիրապի վանքը գտնվում է Հայաստանի Արարատյան դաշտում, Արարատի մարզում՝ Արաքս գետի ձախ ափին:

Խոր Վիրապի՝ որպես վանքի և ուխտագնացության վայրի մեծ համբավը կապված է այն բանի հետ, որ Տրդատ 3-րդ թագավորը այստեղ է բանտարկել Գրիգոր Լուսավորչին:

Հնում վանքը գտնվում էր Հայաստանի պատմական մայրաքաղաք Արտաշատի տարածքում: Խոր Վիրապը միջնաբերդ էր, որը կառուցված էր բարձր բլրի վրա և ծառայում էր որպես արքունական բանտ: «Վիրապ» հայերեն նշանակում է «գետնափոր խուց»: Այն օձերով և կարիճներով լի փոս էր,ուր նետվում էին մահվան դատապարտվածները:

Ըստ պատմաբան Ագաթանգեղոսի՝ հայոց արքա Տրդատ 3-րդը հրամայել է բանտարկել Գրիգոր Լուսավորիչին Խոր Վիրապի հորում՝ Հայաստանում քրիստոնեություն տարածելու համար: Գրիգորը 13 տարի մնացել է այդ վտանգավոր փոսում և փրկվել է շնորհիվ քրիստոնյա կնոջ, որը նրան գաղտնի հաց ու ջուր էր բերում:

Մինչդեռ Գրիգոր Լուսավորիչը բանտարկված էր, մայրապետ Գայանեի և կույս Հռիփսիմեի հետ Հայաստան են գալիս քրիստոնյա միանձնուհիներ՝ Հռոմի կայսեր հետապնդումներից փախչելու և Հայաստանում քրիստոնեություն քարոզելու նպատակով։ 

Հռիփսիմեն երիտասարդ և գեղեցիկ էր, և Տրդատ III-ը սիրահարվելով նրան՝ առաջարկում է ամուսնանալ: Օրիորդը մերժում է թագավորն, և վիրավորված Տրդատը հրամայեում է գտնել և սպանել բոլոր միանձնուհիներին: Գեղեցկուհի Հռիփսիմեն և մայրապետ Գայանեն խոշտանգվում և նահատակում են միանձնուհիների հետ:

Նրանց սպանությունից հետո Տրդատ թագավորը հիվանդանում է մոլագարությամբ։ Թագավորի քույր Խոսրովդուխտը մի քանի անգամ երազ է տեսնում, որում նրան ասվում է, թե Տրդատին կարող է բուժել միայն բանտարկված Գրիգորը։ Որ ոք չէր հավատում, որ նա կարող է դեռ ողջ լինել՝ զնդանում բանտարվելուց այդքան տարիներ հետո։ 

Գրիգորին տանում են թագավորի մոտ, որին նա բուժում է՝ քրիստոնեություն քարոզելով: Տրդատը մկրտվում է և քրիստոնեությունը հռչակում պետական կրոն: Այսպիսով, Հայաստանը 301 թվականին դառնում է առաջին քրիստոնյա երկիրը: 302-ին Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրվում է եպիսկոպոս։

642-ին հայոց պատմության մեծագույն կաթողիկոս Ներսես III-ը (Շինարար) Գրիգոր Լուսավորչի վիրապի վրա կառուցում է մատուռ: Ավելի ուշ՝ 1662-ին, հին մատուռի հիմքի վրա կառուցվում է Սուրբ Գևորգ եկեղեցին: Եկեղեցու Ավագ խորանի աջ կողմի նեղ աստիճաններով կարելի է իջնել գուբը, որը տեղակայված է խորանի տակ:

Խոր Վիրապի համալիրն ընդգրկում է բերդի պարիսպները, բակը, Սուրբ Գևորգ բազիլիկը և Սուրբ Աստվածածին եկեղեցին: Սուրբ Աստվածածինը կառուցվել է 17-րդ դարում՝ ժայռի գագաթին, որի թեք եզրերը դուրս են գալիս եկեղեցու տակից: Եկեղեցին կանգնած է Անահիտ աստվածուհու տաճարի տեղում:

13-րդ դարում Խոր Վիրապում հիմնադրվել է դպրանոց, որը դարձել է Հայաստանի կարևոր կրթական կենտրոններից մեկը:

360 Stories

Map