Շուշանավանքը գտնվում է Արմավիրի մարզում՝ Բագարան գյուղի տարածքում, Ախուրյան գետի ձախ ափի քարքարոտ բարձունքի վրա, անմիջապես հայ-թուրքական սահմանամերձ գոտում։ Շուշանավանքը թվագրվում է X- XI դարերով։
Ըստ ավանդության՝ եկեղեցին այդպես է անվանել տեղի իշխանը՝ իր դուստր Շուշանի մոլորվելուց հետո։
Համալիրի գլխավոր կառույցը վեցխորան կենտրոնագմբեթ Սուրբ Շուշան եկեղեցին է։ Այն վեցխորան հատակագծով ինքնատիպ եկեղեցի է։ Եկեղեցու ներքին տարածքը կազմակերպված է կենտրոնական գմբեթատակ հատվածի շուրջ դասավորված խորաններով։ Եկեղեցին ունեցել է առնվազն երկու կամարակապ մուտք՝ արևմտյան և հարավարևմտյան։
2023 թվականի տեղազննման ժամանակ մասնագետները վեցխորան եկեղեցու հարավարևմտյան խորանին կից արձանագրել են մեկ այլ՝ քառախորան կառույցի մնացորդներ։
Այսօր եկեղեցուն կարելի է մոտենալ միայն արևելքից՝ դժվարանցանելի քարքարոտ ճանապարհով՝ հատուկ թույլտվությամբ։