Պռոշաբերդ ամրոց (Բոլորաբերդ)

Պռոշաբերդ ամրոց (Բոլորաբերդ)

Պռոշաբերդ կամ Բոլորաբերդ ամրոցը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Վերնաշեն գյուղից մոտ 7–8 կմ հյուսիս-արևելք՝ Թաքեադոնդուրան (Սրկղունք) լեռան կոնաձև գագաթին։ Ամրոցը կառուցված է բնականից պաշտպանված բարձրադիր դիրքում՝ ծովի մակարդակից մոտ 2900 մ բարձրության վրա։

Ամրոցի մասին առաջին հիշատակությունը պատմիչ Ստեփան Օրբելյանն է թողել։ Խոսելով Աթաշխոլղայի արշավանքի մասին, հեղինակը գրում է. «Հասնելով Վայոց ձոր գավառի մեջտեղը, Եղիգիս և Մոզան դետերի միջև գտնվող քարաժայռերով պատած բլրի մոտ, տեղի ամրության պատճառով, մեծ արյունահեղություն սէրեցին»:

Բոլորաբերդի կառուցման մասին ստույգ տեղեկություններ չկան։ Բոլորաբերդի դիրքն ընտրված է այնպես, որ մոտ 10—12 կմ շառավիղ ունեցող շրջանագծի մեջ ներառնվում են նորաշեն, Եղեգնաձոր, Ագարակաձոր, Սմբատաբերդ ամրոցները։ Դրանք գտնվել են հսկողության տեսադաշտում և ամենայն հավանականությամբ ունեցել փոխադարձ հաղորդակցության կապեր։

Բոլորաբերդի արևմտյան կողմում՝ հարթավայրի վրա, կարող ենք տեսնել նաև հին բնակատեղի հետքերը։

Բլրի արևելյան կողմում պահպանվել են փոքր մատուռի ավերակները։ Ամրոցի բոլորապատերից ներս ընկած տարածքը զբաղեցնում է մոտավորապես 1,5 հա տարածություն։ Պահպանվել են պարիսպների հատվածներ և աշտարակների մնացորդներ։ Ամրոցի ներսում պահպանվել են նաև ջրամատակարարման համակարգի հետքեր՝ ջրմուղի խողովակներ, որոնք վկայում են, որ երկարատև պաշտպանության դեպքում ամրոցը ունեցել է ջրի ապահովման ինքնուրույն համակարգ։

Բոլորաբերդի բոլոր կառույցները կառուցված են մոխրակապտավուն բազալտե որձաքարերից։ Պատերը շարված են կիսամշակ, հորիզոնական ուղղությամբ տեղադրված ուղղանկյուն քարերից և լցված են կրաշաղով։

Բոլորաբերդ ամրոցը դիրքով նման է Սյունիքի Ապանա և Աղջկաբերդ ամրոցներին։ Այսօր Պռոշաբերդից պահպանվել են հիմնականում պաշտպանական համակարգի մնացորդները՝ պարիսպների հատվածներ, աշտարակներ և ջրամատակարարման հետքեր։


Քարտեզ