Լմբատավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է Շիրակի մարզում՝ Արթիկ քաղաքից մոտ 1.5–2 կմ հարավ-արևմուտք։ Վանքն ունեցել է նաև Կարմիր վանք, Հրաշագործ վանք անունները։
Ըստ Թ. Թորամանյանի, վանքը VII-րդ դարի կառույց է։ Եկեղեցին փոքր խաչաձև գմբեթավոր, միախորան կառույց է՝ կառուցված սրբատաշ տուֆով։ Նրա հատակագծում առանձնանում է արևելյան ավագ խորանը, իսկ մյուս երեք ուղղություններով ձևավորվում են խաչաթևերը։
1955 թվականին եկեղեցու շուրջ իրականացված մաքրման աշխատանքները ցույց են տվել, Լմբատավանքը նախկին համալիրի միայն մի մասն է։ Արևմտյան խաչաթևի հարավային կողմում բացվել են մեկ այլ շինության խորանի և արևմտյան շքամուտքի մնացորդներ, ինչպես նաև խաչքարեր։։ Հայտնաբերվել են մեծ դամբարանի հիմքեր, IX–X դարերին բնորոշ գերեզմանաքարեր։
Արձանագրություններից մեկի համաձան՝ Վահրամ Պահլավունու որդի Տեր Բարսեղը վանքը դրամով գնել է «անօրեններից», վերադարձրել նրան նախկինում պատկանող ջուրը և վանքին նվիրել Ցիցք գյուղը։
Լմբատավանքում պահպանվել են վաղ միջնադարյան որմնանկարներ։ Ավագ խորանի գմբեթարդում պահպանվել է Եզեկիել մարգարեի տեսիլքի հիման վրա ստեղծված Աստվածահայտնության հորինվածքի մի մասը։ Կենտրոնում եղել է գահակալ Քրիստոսը՝ ծիածանակամարի և մարգարտազարդ գահի վրա։
Եկեղեցին ներկայումս հայտնի է որպես ուխտագնացության վայր։ Հիմնական ուխտագնացությունը կազմակերպվում է հոկտեմբերի առաջին շաբաթ օրը, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից այստեղ է բերվում Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը։