Կիրանց

Կիրանց

Կիրանցի վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզում՝ Կիրանց գյուղից մոտ 12 կմ արևմուտք, Կիրանց գետակի ձախ ափին։ Այն թվագրվում է XIII դարով և ներառում է երեք եկեղեցի, գավիթ-սրահներ և սեղանատուն։ Տարածքում կտեսնեք նաև միաբանության խցերի, գերեզմանոցի և կամարակապ մեծ դարպասով պարսպի հատվածներ։

Վանքի անվան մասին պահպանվել է ժողովրդական ավանդություն: Կիրանց վանքը կառուցվել է վարպետ Հակոբի աշակերտներից մեկը։ Աշխատանքը զննելուց հետո Հակոբը միայն ասել է՝ «Կիրը անց է»՝ ակնարկելով, թե շաղախում կիրը չափից շատ է։ Կառուցողի անունն այդպես էլ անհայտ մնաց, սակայն վարպետի դիտողությունից ելնելով՝ կառույց օծվեց Կիրանց անվամբ։

Ճարտարապետ Էվլին Օրդուխանյանն ուսումնասիրություններից մեկում համեմատել է Կիրանցը Մակարավանքի հետ, նշելով՝ որ երկուսն էլ կառուցվել են միևնույն ժամանակաշրջանում և ճարտարապետակ տեսանկյունից ունեն նմանություններ, հատկապես մուտքերի և պատուհանների հետ կապված։ Այնուամենայնիվ, ի տարբերություն Մակարավանքի, Կիրանցը կառուցված է գունավոր աղյուսից։ Հայկական միջնադարյան եկեղեցիների մեծ մասը քարաշեն է, մինչդեռ այստեղ եկեղեցիներն ու գավիթները հիմնականում կառուցված են թրծված աղյուսով։

Համալիրի գլխավոր եկեղեցին քառանկյուն գմբեթավոր դահլիճ է՝ արևելքում կիսաշրջան խորանով և դրա երկու կողմերում տեղադրված երկհարկ ավանդատներով։

Գլխավոր եկեղեցուն հյուսիսից և հարավից կցված են երկու ավելի փոքր, միանավ եկեղեցիներ։ Կիրանցի վանքի գլխավոր եկեղեցին հայկական միջնադարյան ճարտարապետության եզակի և, ըստ Լիլիթ Միքայելյանի ուսումնասիրության, Հայաստանում հայտնի բացառիկ օրինակներից է, որի թմբուկը զարդարված է իրական ջնարակապատ կերամիկական սալիկների երկրաչափական խճանկարով։

Համալիրի արևմտյան մասում առանձին կանգնած է սեղանատունը՝ կիսամշակ բազալտից կառուցված ընդարձակ թաղածածկ դահլիճ։ Ծածկը ուժեղացված է երեք թաղակիր կամարներով։

Կիրանցն հատկապես առանձնանում է իր որմնանկարներով։ Թմբուկի հարավային հատվածում պատկերված է Եսայի մարգարեն, իսկ հյուսիսային մասում պահպանվել է Եղիա մարգարեի համբարձման տեսարանի հատվածը։


Քարտեզ