Խուճապի վանական համալիրը գտնվում է Լոռու մարզում՝ Պրիվոլնոյե գյուղից 25 կմ արևելք, Լալվար լեռան հյուսիսային անտառապատ լանջին։ Այն թվագրված է XII–XIII դարերով, սակայն համալիրի ամենահին կառույցը IX–X դարերի միանավ բազիլիկ եկեղեցին է։
Սրբատաշ քարով շարված, արտաքին ճոխ հարդարանքով գմբեթակիր գլխավոր եկեդեցին, միանավ սրահը, շրջապարիսպն ու այլ շինություններ ներկայումս կիսավեր են։
Սկզբնական շրջանում Խուճապը հայադավան մենաստան էր։ XIII դարում՝ Զաքարյանների իշխանության ժամանակ, այն անցավ քաղկեդոնական հայերին։ «Դիվան հայ վիմագրության» աշխատությունում Խուճապը ներկայացվում է որպես Հյուսիսային Հայաստանի հայ քաղկեդոնականների խոշոր կենտրոններից մեկը՝ իր նշանակությամբ Ախթալայից հետո։
Գլխավոր եկեղեցին XIII դարում կառուցվել է հին բազիլիկից հյուսիս՝ սրբատաշ ֆելզիտով։ Ներքին տարածքի գմբեթը պահել են երկու ազատ կանգնած մույթերը և խորանի հատվածը։ Բարձր թմբուկն ունի տասներկու նիստմ իսկ ավանդատանը պահպանվել են որմնանկարներ։
Վանքից ոչ շատ հեռու գտնվում է Խորակերտի վանքը։ Վանքի հյուսիսային պատի մոտ կանգուն է քանդակազարդ խոշոր խաչքարը (XIII դ.): 1661-ին վանքը նորոգվել է: Այժմ այն գտնվում է Վրաստանի վերահսկողության գոտում։