Աբովյան 17 փող․, Երևան
Կաթողիկե Սուրբ Աստվածածինը միջնադարյան փոքր եկեղեցի է, որը գտնվում է Երևանի կենտրոնում: Եկեղեցու պատերին արված ամենահին արձանագրությունը թվագրվում է 1264 թվականով: Եկեղեցին մեծապես տուժել է 1679 թվականին տեղի ունեցած երկրաշարժից:
Ավելի ուշ (1693-1695թթ․) Կաթողիկեի շուրջը կառուցվել է Սուրբ Աստվածածին մեծ բազիլիկան: Կաթողիկե եկեղեցին եռանավ բազիլիկ էր, Կառուցված էր տուֆաքարով։ Աղոթասրահի չափերով այն թերևս հին Երևանի ամենատարողունակ եկեղեցիներից էր։ Մուտքեր ուներ հարավային և արևմտյան ճակատներից։
1936 թվականին սովետական կառավարությունը որոշում ընդունեց քանդել Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այդ աշխատանքների ժամանակ եկեղեցու պատերի մեջ հայտնաբերվեցին 15-17-րդ դարերի խաչքարեր։ Ամենամեծ բացահայտումը քանդումների արդյունքում բացված 10-րդ դարի կենտրոնագմբեթ փոքր եկեղեցին էր, որի գոյությունը մինչ այդ հայտնի չէր։ Աշխատանքները վերահսկող հնագետները և քաղաքացիները պայքարեցին եկեղեցու պահպանման համար, որը հետագայում վերանորոգվեց և բարեկարգվեց։
Եկեղեցու արևմտյան ճակատին փորագրված արձանագրությունները թվագրվում են 1284, 1229 թվականներով, իսկ հյուսիսային պատերին գրված արձանագրությունները վերաբերում են 1609-ին: Հնագետները եկել են այն եզրակացության, որ Կաթողիկեն կառուցվել է 10-րդ դարում և այն եկեղեցիներից է, որը չի ավիրվել 1679 թվականի երկրաշարժից:
Այժմ եկեղեցին ունի երկու անուն՝ Կաթողիկե և Սուրբ Աստվածածին: Վերջին տարիներին մատուռի կողքին կառուցվել է նոր համալիր, որը ներառում է Սուրբ Աննայի անվան մեծ եկեղեցին և Վեհափառ հայրապետի երևանյան նստավայրի շենքը։ Կառույցի ճրտարապետը Վահագն Մովսիսյանն է:
Նոր համալիրի օծման արարողությունը տեղի է ունեցել 2015-ի ապրիլի 30-ին: Սուրբ Աննա եկեղեցին օրհնվել է Գարեգին Բ կաթողիկոսի կողմից:
Այժմ Կաթողիկե Սուրբ Աստվածածինը ծառայում է միայն որպես աղոթասրահ: