Ջուխտակ վանքը (Ս. Աստվածածին և Ս․ Գրիգոր եկեղեցինորվ) գտնվում է Դիլիջանի մերձակա անտառապատ լանջին՝ Խալ-Խալլու լեռան հարավային փեշին։ Երկու եկեղեցիները կանգնած են առանձին՝ միմյանցից մոտ 20 մ հեռավորությամբ։ Երկու եկեղեցիների պատճառով է առաջացել «Ջուխտակ» ժողովրդական անունը՝ «ջուխտ»՝ զույգ։ Միջնադարյան արձանագրություններում, սակայն, վանքը հիշատակվում է Պետրոսի վանք և Գիշերավանք անուններով։
Աստվածածին եկեղեցին վանքի արևմտյան շինությունն է, որը կառուցվել է 1201 թվականին՝ Հայրապետի ջանքերով։Այն քառակուսի հատակաձևով, անգմբեթ եկեղեցի է։ Կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում բացված են նեղ ավանդատներ, իսկ մուտքի երկու կողմերում՝ պատի մեջ, պահպանված են խաչքարեր։ Կառույցը շարված է դեղնավուն ու տարբեր երանգներ ունեցող ֆելզիտով։ Եկեղեցու պատերի վրա՝ ներսում և դրսում, պահպանված են նվիրատվական արձանագրություններ։
Երկրորդ՝ Սուրբ Գրիգոր եկեղեցին, ճարտարապետորեն ավելի բարդ կառույց է։ Այն կենտրոնագմբեթ հորինվածք ունի։ Հուշարձանի ավանատները ձևավորված են նրբաքանդակ զարդերով։ Եկեղեցին արձանագրություններ չունի, միայն փորագրված են նվիրատուի անուններ։
Շինարարական բնագրից մասնագետները ենթադրում են, որ Ս․ Գրիգոր եկեղեցին ավելի վաղ է գոյություն ունեցել։
Հուշարձանախմբի շուրջ պահպանվել է միջնադարյան գերեզմանոց։ Դրանից հարավ գտնվում է նաև միջնադարյան Մաթոսի գյուղատեղիի տարածքը, որտեղ պահպանվել է XIII դարի Մաթոսավանքը։
1973–1977 թվականներին եկեղեցիները նորոգվել և տարածքը բարեկարգվել է, իսկ 1980-ականներին կատարվել են լրացուցիչ ամրացման աշխատանքներ։