Ղազանչեչոց փողոց, Շուշի 375000, Լեռնային Ղարաբաղի հանրապետություն
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը գտնվում է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում: Այն կառուցվել է 1868-1887 թվականներին տեղի բնակիչների կողմից: Ճարտարապետը Սիմոն Տեր-Հակոբյանն է:
Այն համարվում է Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնը՝ Գանձասարի վանքից հետո: Ճարտարապետական համալիրը բաղկացած է Ս. Ամենափրկիչ եկեղեցուց (1868-1887) և զանգակատնից (1858):
Զանգակատան արձանագրությունը վկայում է, որ այն կառուցվել է ներկայիս եկեղեցուց տասը տարի առաջ: Այս անսովոր հանգամանքը (սովորաբար կառուցվում է եկեղեցին, հետո միայն՝ զանգակատունը) ենթադրում է, որ այստեղ եղել է XVIII դարում կառուցված եկեղեցի, դարձյալ Ղազանչեցոց անունով, սակայն, հավանաբար ոչ այդքան հարուստ ճարտարապետական արժեք ներկայացվող։ Այն քանդվել է և նրա տեղում կառուցվել է նոր, վեհաշուք տաճար:
Արցախյան պատերազմը նոր էջ ստեղծեց Ղազանչեցոց եկեղեցու պատմության մեջ: Պատերազմի տարիներին (1989-1992) վանքը դարձել էր զինապահեստ, դրանից առաջ էլ ադրբեջանցիերը այն վերածել էին անասնագոմի: Արցախյան գոյամարտի ընթացքում գնդակոծված Շուշիում զգալի վնասվել էր նաև Ղազանչեցոց եկեղեցին:
Երբ հնամյա, տանջահար ու վիրավոր Շուշին ազատագրվեց՝ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին ծածանվեց հայոց դրոշը, և մոմի բույրը բարձրացավ եկեղեցու պատերի ներսում: 1998 թվականին եկեղեցին կրկին պաշտոնապես օծվեց: