Օձուն, Լոռու մարզ
Օձունի եկեղեցին գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է, որը գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղի կենտրոնում: Այն վաղ միջնադարյան եզակի շինություններից է, որն ամբողջությամբ պահպանել է իր արտաքին տեսքը: Եկեղեցու արտաքին և ներքին պատերին փորագրված են տարբեր ժամանակաշրջանների բազմաթիվ հայերեն արձանագրություններ։
Օձունի վանքը կառուցվել է 303-313 թվականներին՝ Տրդատ 3-րդ թագավորի օրոք և օրհնել է Գրիգոր Լուսավորչի կողմից: Վանքի այսօրվա տեսքը մեզ է հասել 8-րդ դարից։ Այն մի քանի անգամ վերանորոգվել է, սակայն գմբեթը չի փոխվել կառուցումից ի վեր։
Եկեղեցու պատերի մեջ պահպանվել են հարթաքանդակներով բազմաթիվ հին քարեր, որոնցից քսանհինգը թվագրվում են 4-րդ դարով: Քանդակներից առավել ուշագրավ է Սուրբ Աստվածածնի ու մանուկ Հիսուսի հարթաքանդակը, որը տեղադրված է կնքավազանի վերևում։
Ավանդույթի համաձայն, Թովմաս առաքյալը՝ Հիսուսի 12 առաքյալներից մեկը, եկել է այստեղ և օրհնել քահանաների և գյուղի քրիստոնյաներին: Նա անվանել է գյուղը Օձուն, ասել է թե՝ «օծված, օրհնված», և մինչ կհեռանար Օձունից, եկեղեցու տարածքում թաղել է Քրիստոսի բարուրի շորերը:
Վանքի կողքին կանգնած է մի եզակի մահարձան՝ կառուցված 5-6-րդ դարերում։ Մահարձանն իրենից ներկայացնում է աստիճաններին տեղադրված կրկնակի կամար, որի որմնախորշերում քանդակներով պատված սյուներ են։ Սյուների վրա պատկերված են քրիստոնեության տարածումը պատկերող տեսարաններ: Այս հուշարձանը վաղ հայկական կրոնական արվեստի ուշագրավ նմուշներից է:
Օձունի եկեղեցու շուրջը հին գերեզմանոց է և բազմաթիվ խաչքարեր, որոնք թվագրվում են 13-20-րդ դարերով: Եկեղեցին կառուցված է բաց շագանակագույն ֆելզիտ քարով, որն արևի ճառագայթներից փայլում է տարբեր նրբերանգներով։