Հայկական հացը

Հայկական հացը

September 11, 2017

Հացը հայկական խոհանոցի անբաժան մասն է: Մենք այն շատ ենք օգտագործում և ամեն ինչն ուտում ենք հացով: Դա, բնականաբար, գիտեն բոլոր հայերը, բայց ահա օտարերկրացիների համար դա տարօրինակ է:

Հայկական հաց: Լավաշ

Հայկական լավաշը հայտնի է ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ աշխարհում: Այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: 

Ավանդական լավաշը թխում են թոնրի մեջ: Այն կարելի է թխել նաև հատուկ ջեռոցներում, սակայն այդ եղանակով պատրաստված լավաշի համը զգալիորեն տարբերվում է թոնրի լավաշի անկրկնելի համից: Հայաստանում դուք կարող եք նույնիսկ անցնել լավաշ թխելու վարպետաց դասեր:

Ի դեպ, լավաշը միակ հացն է, որը կարելի է շատ երկար պահել (նույնիսկ մեկ տարի) և այն չի փչանա և չի փոխի համը: Լավաշը թխում են մեծ քանակությամբ, ապա չորացնում, որպեսզի հնարավոր լինի երկար պահել, իսկ երբ հարկավոր է, թրջում են ջրով և այն կրկին թարմանում է:

Հայկական հաց: Մատնաքաշ

Մատնաքաշը Հայաստանում տարածված հիմնական հացատեսակներից է, որը թխում են ցորենի ալյուրից: Այն լինում է օվալաձև կամ կլոր: Անվանումն առաջացել է հացի երեսին մատներով ակոսագծեր անելու հետևանքով։ Հացի այդպիսի ձևավորումը խորհրդանշել է վարած դաշտ:

Ի՞նչը կարող է լինել առավել համեղ, քան մատնաքաշով, հայկական պանրով և թարմ կանաչիով բրդուջը: Մատնաքաշն արժանացել է նույնիսկ ամերիկացի նկարիչ Ռոքվել Քենթի հատուկ ուշադրությանը, երբ նա ճանապարհորդում էր Հայաստանում 1960-ականներին: Նկարիչը նույնիսկ նամակ է գրել թերթի խմբագրություն՝ շնորհակալություն հայտնելով հայկական մատնաքաշի համար: 

Հայկական հաց: Հրազդան

Հրազդանը բարձր խմորով, սովորաբար քառակուսի կամ ուղղանկյուն հաց է, որը ձևով նման տորթի: Անվանումը հնարավոր է կապված է Հայաստանի Հրազդան քաղաքի հետ:

Հացի խորհուրդը

Հացը մեզ՝ հայերիս համար, միայն նյութական արժեք չէ։ Այն նաև ունի իր հոգևոր խորհուրդը։ Հիշում եք չէ՞, որ խորհրդավոր ընթրիքի ժամանակ Հիսուսն օրհնեց հացը, կիսեց այն և բաժանեց իր աշակերտներին՝ ասելով՝ “Կերեք, սա է իմ մարմինը”։

Իսկ երբևէ մտածե՞լ, թե ինչու են հարսանիքի ժամանակ լավաշ գցում նորապսակների ուսին։ Այն պաշտպանում է նրանց “չար աչքից”։ Նույն խորհրդով էլ լավաշը գցում են նորապսակների կրծքին։

 

You may also be interested in