Վերնիսաժ

Վերնիսաժ

December 15, 2017

Եթե դուք Հայաստանում եք և չեք կողմնորոշվում հուշանվերների հարցում, ապա այցելեք Վերնիսաժ։ Այստեղ դուք անպայման կգտնեք որևէ հետաքրքիր հուշանվեր, որն ամենայն հավանականությամբ կլինի հայ վարպետների ձեռքի աշխատանք։
Հատկապես գրավիչ է Վերնիսաժի զարդերի բաժինը, որտեղի արծաթից պատրաստված աշխատանքները հիացնում են իրենց յուրօրինակությամբ և նրբաճաշակությամբ։ 

Վերնիսաժի պատմությունը

Վերնիսաժի շուկան Երևանի ամենաշատ այցելվող վայրերից է, որի պատմությունը սկսվել է 1980-ականներից։ Ցուցահանդեսն առաջին անգամ բացվել է ներկայիս Սարյանի այգու տարածքում և աշխատանքի առաջին տարիներին այստեղ հիմնականում ներկայացվում և վաճառվում էին միայն նկարներ։
 
Հետագայում Վերնիսաժը բաժանվեց երկու մասի․ նկարիչները մնացին Սարյանի այգում, իսկ մյուս արվեստագետներն ու արհեստավորները տեղափոխվեցին Հանրապետության հրապարակի հարակից պուրակը՝ Արամ և Բուզանդ փողոցների միջև ընկած հատվածում:

Վերնիսաժի դիմաց կանգնած է Հայոց սպարապետ, ազգային հերոս Վարդան Մամիկոնյանի արձանը:

1987 թվականին՝ շուկայի պաշտոնական բացումից հետո, կազմակերպիչները որոշեցին, որ այն պետք է աշխատի միայն հանգստյան օրերին: Վերնիսաժի հիմնադիրն է Հարություն Նավասարդյանը, ում ջանքերի շնորհիվ այսօր շուկան համարվում է Հայաստանի հայտնի վայրերից մեկը, որտեղ ներկայացվում է բազմադարյան հայկական մշակույթը և հայ վարպետների հմտությունները:

Ի՞նչ գնել Վերնիսաժում

Վերնիսաժում վաճառքի է հանվում ժամանակակից հայ գեղանկարիչների գործեր, ավանդական ձեռագործ աշխատանքներ, գորգեր, ազգային երաժշտական նվագարաններ, արծաթե ու ոսկե զարդեր և այլ կենցաղային իրեր, ինչպես նաև բազմազան հուշանվերներ։ Նմուշների մեծ մասը հայ վարպետների ձեռքի աշխատանքներն են՝ արված մեծ հմտությամբ և սիրով։

Արդեն ավելի քան 35 տարի է, ինչ ամեն հանգստյան օր, առավոտյան ժամը 7-ից, հարյուրավոր մարդիկ հավաքվում են այստեղ իրենց գործերը ներկայացնելու և վաճառելու, իսկ մյուսներն էլ որևէ յուրատահուկ նվեր գնելու նպատակով։

Այստեղ կարող եք գտնել նաև ձեռագործ տիկնիկներ, հնաոճ իրեր, քարե, փայտե, կավե, մետաղե իրեր, խեցեղեն, մետաղադրամների և մեդալների հին հավաքածուներ, գրքեր, էլեկտրոնիկա և շատ այլ իրեր:

Սիրալիր և բարյացկամ վաճառականները կօգնեն ձեզ կողմորոշվել և ճիշտ որոշում կայացնել։

Նոր Վերնիսաժը

2017 թվականին սկսվեց Վերնիսաժի բարելավման և արդիականացման նախագիծը, որի արդյունքում այն դարձավ ավելի բարեկարգ և հարմարավետ: Վաճառողների համար ստեղծվեցին ավելի հարմարավետ պայմաններ։ Այժմ այստեղ հաճելի է ոչ միայն գնումներ կատարել, այլ նաև զբոսնել։

Սակայն եթե ցանկանում եք նկար գնել, կարող եք այցելել Սարյանի այգի, որտեղ ներկայացվում են տաղանդավոր հայ նկարիչների աշխատանքները: Այն գտնվում է Ֆրանսիայի հրապարակին կից՝ Օպերայի և Բալետի տան հարևանությամբ: Այգին կոչվում է հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի անունով:

Ձեզ կհետաքրքրի նաև