Դուք, անշուշտ լսել եք աշխարհահռչակ Սթոունհենջի մասին։ Իսկ արդյո՞ք տեղյակ եք հայկական Սթոունհենջի մասին։ Եթե ոչ, ապա եկեք միասին բացահայտենք Հայաստանի ամենաառեղծվածային վայրերից մեկը։
Ի՞նչ է հայկական Սթոունհենջը
Հայկական Սթոունհենջը հնագույն աստղադիտարան է, որը գտնվում է Սյունիքի մարզում, Սիսիան քաղաքից ոչ հեռու: Թերևս սա աշխարհում ամենահին քարե աստղադիտարան է: Այս հայկական հուշարձանը նախապատմական հնագիտական տարածք է, որը տեղակայված է լեռնային սարահարթում:
Հայկական Սթոունհենջի անվանումը
Այս հնավայրը ժողովուրդն անվանել է տարբեր անուններով, որոնցից ամենատարածվածը Զորաց քարեր և Քարահունջ անվանումներն են։ Զորաց քարեր նշանակում է «Քարե զորք», քանի որ ժողովրդական ավանդույթի համաձայն քարերն իրականում քարացած զինվորներ են։
Քարահունջ բառն ունի հետաքրքրիր ստուգաբանություն․ այն կարող է նշանակել «քարերի փունջ», կամ հնչող՝ խոսող քարեր։ Այնուամենայնիվ, կա կարծիք, որ Քարահունջ անվանումը տրվել է հնավայրի հետ անգլիական Սթոունհենջի նմանության պատճառով։
Նաև հայտնի են հնավայրի Ցից քարեր և Դիք-դիք քարեր անվանումները։
Քարահունջի պատմությունը
Հուշարձանի նշանակության և թվագրության վերաբերյալ դեռևս միասնական կարծիք չկա։ Այնուամենայնիվ, հուշարձանի տարիքի մասին առավել խորը ուսումնասիրությունը կատարել է ակադեմիկոս Պարիս Հերունին, ով հիմնվելով կատարած հաշվարկների վրա, պարզել է, որ Քարահունջը կառուցվել է ավելի քան 7500 տարի առաջ։
Համալիրը շուրջ 7 հա տարածք զբաղեցնող հնավայր է, որի կառույցները և շրձանաձև շարված խոշոր քարերը նման են աշխարհի տարբեր մասերում հայտնաբերված նմանատիպ հուշարձաններին, հատկապես Անգլիայի հայտնի Սթոունհենջին։
Պատմաբանների մի մասը կարծում է, որ վայրն ունեցել է պաշտամունքային հուշարձանի նշանակություն։ Սակայն առավել հավանական է համարվում այն եզրակացությունը, որ համալիրն օգտագործվել է գիշերային երկինքն ուսումնասիրելու նպատակով. քարերից 84-ի վրա հայտնաբերվել են բազմաթիվ «աչքի անցքեր»:
Քարահունջի կառուցածքը
Աստղագիտական համալիրը կազմված է կենտրոնական շրջանից, հյուսիսային և հարավային թևերից, հյուսիս–արևելյան քարուղուց, շրջանը հատող լարագծից, ինչպես նաև առանձին կանգնած քարերից։ Ընդհանուր առմամբ, 223 կանգնած և ընկած քարեր։
Կենտրոնական շրջանը
Աստղադիտարանի կենտրոնական շրջանում կա 40 քար: Այն օվալաձև է, սուր կողմն ուղղված է դեպի արևմուտք: Շրջանի մեջտեղում քարակույտ է: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կենտրոնական շրջանի ներսում բնական մագնիսական ուժագծերը պարույրի տեսք ունեն։
Հյուսիսային թևը
Քարահունջի հյուսիսային թևը բաղկացած է 80 առանձին քարերից, քարերից 49 անցքերով են։ Թևի երկարությունը գրեթե 1․5 մ է։
Հարավային թևը
Մոնումենտի հարավային թևը 75 մետր է, կազմված է 70 քարերից, որոնցից 26–ի վրա կան անցքեր։
Հյուսիսարևելյան թև
Հյուսիս–արևելյան քարուղին կազմված է 8 քարից, որոնցից 2 ունեն անցքեր։ Քարուղու երկարությունը 36 մ է։
Լարագիծը
Լարը հատում է կենտրոնական շրջանը և որպես հյուսիսային թևի շարունակություն՝ միացնում է այն հարավային թևի հետ։ Լարն ընդգրկում է 20 քար, որոնցից 6 անցքերով են։
Առանձին կանգնած քարերը
Աստղադիտարանի տարածքի տարբեր մասերում առնվազն 5 առանձին կանգնած քար կա: Այս քարերից միայն մեկն ունի անցք:
Քարերի բարձրությունը տատանվում է 0,5-ից մինչև 3 մ, իսկ զանգվածը՝ մինչև 10 տոննա։ Քարերի մեծ մասը պահպանվել է, կան նաև կոտրված քարեր։
Քարահունջի քարերից շատերն ունեն անցքեր, որոնք եզակի երևույթ են հնագույն մոնումենտների համար։ Այդ հսկա քարերի մեջ արված անցքերը ապահովում են դեպի նպատակակետը ուղղվածության բարձր ճշգրտություն և կայունություն։ Անցքերն ունեն 4-5սմ տրամագիծ և գտնվում են քարերի գագաթներից 15-20 սմ ներքև։ Դրանք երկու կողմից կոնաձև լայնանում են։
Քարահունջի քարերը բերվել են մոտակա Դար գետի ձորի քարհանքից, բարձրացվել և տեղափոխվել են պարանների ու լծկան կենդանիների օգնությամբ։ Անհավանական է թվում, որ այս հսկայական քարե աստղադիտարանը մարդու ձեռքի աշխատանք է։
Քարահունջն ու աստղագիտությունը
Ակադեմիկոս Պարիս Հերունու ղեկավարած արշավախմբերը 1994–ից 1997, 1999 և 2001 թթ. մանրամասն ուսումնասիրություններ են կատարել Քարահունջում և հարակից տարածքում և եկել եզրահանգման, որ քարերի այս համալիրը, ամենայն հավանականությամբ, աշխարհի հնագույն աստղադիտարանն է։
Զորաց քարերի թանգարանը
Սիսիան քաղաքի մոտ կա մի փոքր թանգարան, որտեղ ցուցադրվում են Քարահունջի տարածքում հայտնաբերված գտածոները՝ բազմաթիվ նախնադարյան աստղագիտական քարե գործիքներ, ինչպես նաև աստղադիտարանի հարևանությամբ գտնվող դամբարանադաշտից հայտնաբերված խեցանոթների բեկորներ, մետաղական և քարե գործիքներ, կախոցներ, դաշույններ, անասունների կմախքներ։
Եվ այսպես, եթե սիրում եք դարերի պատմություն ունեցող խորհրդավոր վայրեր, ապա Քարահունջը հենց այդպիսի առեղծվածային վայրերից է։