Վանաձորը Լոռու մարզկենտրոնն է: Այն Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքն է և Լոռու արդյունաբերական, տնտեսական, կրթական և մշակութային կենտրոնը: Քաղաքը գտնվում է մայրաքաղաք Երևանից 120 կմ հեռավորության վրա: Վանաձորը նախկինում կոչվել է Ղարաքիլիսա, այնուհետև՝ սովետական շրջանում՝ Կիրովական, իսկ Հայաստանի անկախացումից հետո (1992), Կիրովականը վերանվանվել է Վանաձոր:
Քաղաքը գտնվում է Փամբակ գետի հովտում, ծովի մակարդակից 1350 մ բարձրության վրա, շրջապատված է Բազում և Փամբակ լեռներով: Արևելքից և հարավից քաղաքը շրջապատված է անտառներով, հյուսիսից և արևմուտքից՝ խոտածածկ սարերով: Վանաձորի կլիման բնութագրվում է զով ամառներով և համեմատաբար մեղմ ձմեռներով:
Քաղաքի անվանումը կապված է պատմական հայկական Վան քաղաքի հետ, որն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում: Ներկայիս Վանաձորի տարածքը բնակեցված է եղել դեռևս բրոնզե դարում, ինչի մասին վկայում են Թագավորանիստ և Մաշտոց բլուրների վրա հայտնաբերված դամբարանները և այլ հնագիտական հուշարձաններ։ Ներկայիս քաղաքի տարածքը եղել է Գուգարք նահանգի Տաշիր գավառի մի մասը, որը Մեծ Հայքի 13-րդ նահանգն էր:
Վանաձորը գեղեցիկ առողջարանային քաղաք է՝ շրջապատված սարերով և անտառներով։ Խորհրդային տարիներին Վանաձորը հայտնի հանգստավայր էր: Այստեղ կային լեռնադահուկային ուղիներ, ճոպանուղի, ամառային ճամբարներ և առողջարաններ։ Դժբախտաբար, Վանաձորը, Գյումրու և Սպիտակի հետ միասին, մեծ վնասներ կրեց 1988 թվականի երկրաշարժի ժամանակ: Այնուամենայնիվ, քաղաքը վերակառուցվել է և նոր շունչ է առել:
Վանաձորը Լոռու մարզի կրթամշակութային կենտրոնն է: Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տունը Հայաստանի ամենամեծ մշակութային կենտրոններից է։ Քաղաքում գործում են Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջը, Գեղարվեստի թանգարանը, գրող Ստեփան Զորյանի տուն-թանգարանը և այլ մշակութային հաստատություններ:
Վանաձորը Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի նստավայրն է: Քաղաքի ամենահին եկեղեցին Սուրբ Աստվածածին եկեղեցին է (1831): Վանաձորի կենտրոնում է գտնվում և գործում ռուսական ուղղափառ եկեղեցին՝ կառուցված 1893-95թթ։ Այն ծառայում է մարզի փոքր ռուսական համայնքին:
2005 թվականին այստեղ կառուցվել է Վանաձորի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի Մայր Եկեղեցին, որը գտնվում է քաղաքային այգու հարևանությամբ։
Վանաձորում կան մի շարք կարևոր պետական համալսարաններ և քոլեջներ։ Քաղաքը հայտնի է նաև իր «Հորովել» ժողովրդական պարային համույթով (հիմնադրված 1958 թ.), Վանաձորի կամերային երգչախմբով (1989 թ.) և կամերային նվագախմբով (1993): Վանաձորում են ձևավորվել նաև Հայաստանում հանրահայտ ռոք խմբերից մի քանիսը:
Քաղաքում գործում են մի քանի թատրոններ՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը, Երաժշտական թատրոնը, Հովհաննես Աբելյանի անվան Վանաձորի դրամատիկական թատրոնը և Վանաձորի տիկնիկային թատրոնը:
Բնակիչների սիրելի վայրերից մեկը կենտրոնից ոչ հեռու գտնվող արհեստական լիճն է: Այն հատկապես մարդաշատ է ամռան շոգ օրերին, երբ երեխաները, և ոչ միայն նրանք, լողում և զվարճանում են լճի ափին: Մոտակայքում է գտնվում է հայտնի «Վանաձոր Արմենիա» առողջարան և հյուրանոցային համալիրը։
Ամառային շոգ երեկոներին տեղի բնակիչները սիրում են զբոսնել այգիներում և փողոցներում, ինչպես նաև Հայքի հրապարակում, որը շրջապատված է գեղեցիկ կառույցներով: Հրապարակի կենտրոնում գործում են տարածաշրջանում նախատիպը չունեցող նորաբաց լուսաձայնային շատրվանները։ Այնպես որ, բարի գալուստ Վանաձոր, որը հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են բնությունը և խաղաղ քաղաքային կյանքը՝ դանդաղ տեմպով և ներդաշնակությամբ։