Արթուր Մեսչյան` ճարտարապետ, երաժիշտ և լավ քաղաքացի

Արթուր Մեսչյան` ճարտարապետ, երաժիշտ և լավ քաղաքացի

Թարմացված է Մարտ 19, 2020

Հայտնի ճարտարապետ, երաժիշտ, բանաստեղծ, երգիչ, կոմպոզիտոր և նկարիչ: Հավանաբար, բավական է ասել, որ նա իսկական հայ է:

Արթուր Մեսչյան։ Կենսագրությունը

Մեսչյանը ծնվել է 1949 թվականին Երևանում։ Նրա կյանքը լի է իրադարձություններով։ 2005 թվականին՝ 17 տարի ԱՄՆ-ում անցկացնելուց հետո, Մեսչյանը վերադարձավ հայրենիք և այդ պահից ի վեր բնակվում է Երևանում։

Արթուր Մեսչյան: Կարիերա

Ասել, թե Մեսչյանը տաղանդավոր է, կնշանակի՝ ոչինչ չասել։ Նա ոչ միայն մեծ մտավորական է, այլև շնորհալի մարդ տարբեր բնագավառներում։ Այսօր կփորձենք անդրադառնալ նրա կյանքի և գործունեության որոշ դրվագներին։ 

Արթուր Մեսչյան։ Երաժիշտ և երգիչ 

Մեսչյանը սիրել է երաժշտությունը դեռևս մանկուց։ Յոթ տարեկանից հաճախել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց՝ ջութակի ու դաշնամուրի դասերի, նաև երգել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տղաների երգչախմբում։ 

Արթուր Մեսչյան  

Արդեն հասուն տարիքում (23-24տ․) շուրջ մեկ տարի երգել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, ինչը հետագայում մեծ ազդեցություն է ունեցել նրա ստեղծագործությունների վրա։ Մեսչյանը գրել է իր ճանաչված երգերից մի քանիսը դեռևս դպրոցում ուսանելու տարիներին․ «Ո՞ւր էիր Աստված», «Կտակը», «Ծերունի»։

Կարելի է ասել, որ Արթուր Մեսչյանը հայկական ռոք ժանրի հիմնադիրներից է: 1967-ին նա իր 2 ընկերների՝ Լևոնի և Գրիգորի հետ հիմնում է ռոք խումբ, որը սկզբում նույնիսկ անուն չուներ և հանդես էր գալիս որպես ճարտարապետական ֆակուլտետի խումբ։ 

Խումբը սիրվեց ունկնդիրների կողմից: Նրանց երաժշտությունը և մոտեցումները թարմ էին և նորարար։ Խումբը մեծ տպավորություն ունեցավ հիմնականում երիտասարդ ունկնդիրների վրա: Ավելի ուշ խումբն անվանվեց «Առաքյալներ»:

«Առաքյալներ»-ը համերգներ են տվել Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, ինչպես նաև Մոսկվայում և Տալլինում: Խումբը հանդես եկավ Խորհրդային Միության տարբեր հանրապետություններում, սակայն հավատարիմ մնաց հայրենի հայ հանդիսատեսին: 1975 թ.-ին Մեսչյանը գրում է «Ռեքվիեմ»-ը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Դժբախտաբար, 1980-ականների սկզբին «Առաքյալներ»-ը անհետացան երաժշտական ​​ասպարեզից:

Արթուր Մեսչյան

1984 թվականին Մեսչյանը սկսում է իր սեփական երաժշտական ուղին։ Երբ նա տեղափոխվում է ԱՄՆ՝ Բոստոն, երգում է եկեղեցիներում, թատրոններում, համերգներ է տալիս և ձայնագրում երկու տասնամյակում կուտակած ստեղծագործությունները: 1990 թ.-ին նա ձայնագրում է իր առաջին ալբոմը՝ «Catharsis»-ը:

1990-ին Մեսչյանը ստեղծում է նաև «Առաքյալներ 90» խումբը՝ Վեին Ջոնսոնի, Ջոն Լեֆտվիչի և Արտ Ռոդրիգեսի հետ 

Նրա երկրորդ ալբոմը՝ «Ցնորված ջութակահարի մենախոսությունը», թողարկվում է 1993 թ.-ին: Հետագայում ձայնագրվում են նաև «Թափառում» (1995) և «Հաղորդությունը» ալբոմները։

Արթուր Մեսչյան։ Ճարտարապետ 

Տարված լինելով ճարտարապետությամբ՝ Արթուր Մեսչյանը 1966 թվականին ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետ և ավարտում է 1972 թ.։ Սակայն, միայն 1974 թվականին է Մեսչյանին հաջողվում աշխատանքի անցնել։ Նա մասնակցել է «Զվարթնոց» օդանավակայանի նախագծման աշխատանքներին։

Մատենադարան

1980-ականների սկզբներին Մեսչյանը «Հայարդնախագծի» ճարտարապետական արվեստանոցի ղեկավարն էր։ Այդ ընթացքում մշակվում է Մոսկվայում գտնվող Լազարյան ճեմարանի (ներկայումս Ռուսաստանում ՀՀ դեսպանատան) վերանորոգման նախագիծը (1981-1982)։ 1985 թվականին նախագծում է Երևանում կառավարության ընդունելությունների տան շենքը, 1987-1988 թվականներին՝ Մատենադարանի նոր մասնաշենքը։

2015 թվականին Երևանի՝ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացված Կոմիտաս վարդապետի թանգարանի ճարտարապետը նույնպես Արթուր Մեսչյանն է։

Արթուր Մեսչյան։ Բանաստեղծ

Մեսչյանն ունի ասելիք այս աշխարհին։ Նրա երգերը մարդու կյանքի և հոգու, ամենաբարդ զգացողությունների և ցավի, ամենախորը և ծանր մտածմունքների մասին են։ Նա իրականում մեծ բանաստեղծ է, ով իր մտորումներն արտահայտում է երգի միջոցով։

Արթուր Մեսչյան։ Դերասան

1980-ականների սկզբում Մեսչյանն իր ուժերն է փորձում նաև կինոյում։ Նա նկարահանվում է «Գիշերվա մեջ առկայծող կրակը» ֆիլմում՝ Միքայել Նալբանդյանի դերում։ Սա հնարավորություն էր նրա ստեղծագործություններից մի քանիսը ձայնագրելու և ընդգրկելու ֆիլմում։ Երկրորդ ֆիլմը «Եվ կրկնվելու է ամեն ինչ»-ն էր։ 

Արթուր Մեսչյան

Արթուր Մեսչյան։ Պարգևները

Հաջող կարիերայի և մեծ տաղանդի շնորհիվ, Մեսչյանը պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (2011 թ.), ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով (2012), ՀՀ պետական մրցանակի՝ Մատենադարանի նոր մասնաշենքի համար (2013)։ 2018 թվականին Արթուր Մեսչյանը նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ:

Արթուր Մեսչյան

Ամփոփում

Արթուր Մեսչյանի երգերը շատ սիրված են հայ ժողովրդի կողմից ամբողջ աշխարհում։ Նրա ամենավաղ շրջանի գրված ստեղծագործություններն անգամ այսօր ճանաչված և սիրված են ոչ միայն նրա ժամանակակիցների և մեծ սերնդի կողմից, այլև երիտասարդների շրջանում։ 

Արթուր Մեսչյանը բազմատաղանդ մարդու և արվեստի ու իր ժողովրդի մեծ նվիրյալի վառ օրինակ է։ Մարդու մի տեսակ, որը դարը մեկ է ծնվում։  

Armenia Discovery
Ստեղծված է Օգոստոս 06, 2019 / Թարմացված է Մարտ 19, 2020

Հեղինակ՝ Armenia Discovery

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Օդանավակայանների կայանատեղիների կառավարման լուծումներ և համակարգեր
Ապրիլ 27, 2026 Օդանավակայանների կայանատեղիների կառավարման լուծումներ և համակարգեր

Ավիացիոն երթևեկության շուրջօրյա աճը վկայում է օդանավակայանների կայանատեղիների նկատմամբ հետաքրքրության մեծացման մասին: Քանի որ բազմաթիվ ավտոմեքենաներ օդանավակայանի տարածքում մնում են երկար ժամանակ՝ օրեր կամ նույնիսկ շաբաթներ, հողատարածքի սահմանափակումները պետք է ճիշտ հաշվարկվեն՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:...

Շարունակել
Յուրաքանչյուր նորեկի համար ճանապարհորդական խորհուրդներ, որոնք պետք է իմանա Հռոմ գնալուց առաջ
Ապրիլ 16, 2026 Յուրաքանչյուր նորեկի համար ճանապարհորդական խորհուրդներ, որոնք պետք է իմանա Հռոմ գնալուց առաջ

Հռոմը աշխարհի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկն է։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ հոսում են այս հնագույն քաղաք՝ տեսնելու նրա տեսարժան վայրերը և վայելելու նրա մշակույթը։ Եթե մոտ ժամանակներս պլանավորում եք այցելել Հռոմ, կան մի քանի բաներ, որոնք...

Շարունակել
Բենգալուրուի հայտնի ուտեստներ
Ապրիլ 16, 2026 Բենգալուրուի հայտնի ուտեստներ

Բանգալորը կամ Բենգալուրուն Կառնատակայի մայրաքաղաքն է և լայնորեն հայտնի է «Հնդկաստանի պարտեզային քաղաք», «Հնդկաստանի Սիլիկոնային հովիտ» և «ՏՏ կենտրոն» անուններով։ Այն ունի հսկայական ռեսուրսներ և իր բնակիչներին առաջարկում է շատ բան։ Բանգալորը հայտնի է իր գեղեցիկ...

Շարունակել