Վաղարշապատ
+37443 811111
Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը Հայ առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է: Վանական համալիրը գտնվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում:
Այն Հայաստանում կառուցված առաջին տաճարն է և աշխարհի հնագույն տաճարներից մեկը: Մայր տաճարը կառուցվել և օծվել է Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Մեծի կողմից 303 թ.-ին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո: Այն կառուցվել է հին հեթանոսական տաճարի հիմքի վրա և դարձել է կրոնի վերափոխման խորհրդանիշ:
Ըստ լեգենդի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մարգարեական տեսիլք է ունեցել, որում Հիսուս Քրիստոսը երկնքից իջել և իր ոսկե գավազանով ցույց է տվել այն վայրը, որտեղ պետք է եկեղեցի կառուցվեր: Սուրբ Գրիգորը թագավորին պատմել է իր երազը, և 301 թ.-ին՝ Տրդատ III թագավորի աջակցությամբ, հիմնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Էջմիածին նշանակում է «իջավ Միածինը»:
Ըստ պատմիչ Փավստոս Բուզանդի՝ տաճարը և Վաղարշապատ քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել են 360 թվականին՝ պարսից թագավոր Շապուհ II-ի արշավանքի ժամանակ: Մինչև 5-րդ դարի վերջը եկեղեցին կիսաքանդ էր: Ըստ Ղազար Փարպեցու, այն վերակառուցվել է Վահան Մամիկոնյանի կողմից՝ 483-484 թվականներին:
Թեև տաճարը դարեր շարունակ բազում անգամներ վերանորոգվել է, իսկ 17-19-րդ դարերում ենթարկվել է որոշ փոփոխությունների, այն պահպանել է 483-484 թվականում կառուցված շենքի ձևը: Հինգերորդ դարի կառույցը տաճարի սիրտն է, իսկ քարե գմբեթը, դամբարանը և ետնամասի կառույցները՝ հետագայում ավելացված լրացումներ:
Էջմիածնում կա 5 վանական համալիր՝ Էջմիածնի Մայր Տաճարը, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ և Սուրբ Մարիամ եկեղեցիները:
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին երկրում պահպանված ամենահին եկեղեցիներից մեկն է: Այն կառուցվել է 7-րդ դարում՝ Կոմիտաս կաթողիկոսի կողմից: Եկեղեցու տակ ամփոփված են նահատակված Սուրբ Հռիփսիմեի մասունքները, որին էլ նվիրված է եկեղեցին:
Սուրբ Գայանեն քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որը կառուցվել է 7-րդ դարում՝ Եզր I կաթողիկոսի կողմից: Այն ունի եռակամար գավիթ-սրահ, որը ծառայել է նաև որպես կաթողիկոսների տապանատուն: Եկեղեցին նվիրված է նահատակված Գայանե մայրապետին:
Սուրբ Շողակաթը կառուցվել է իշխան Աղամալ Շոռոթեցու կողմից 1694-ին՝ կաթողիկոս Նահապետ I-ի օրոք: Եկեղեցու անունը նշանակում է «Շող է կաթել»: Ըստ լեգենդի՝ երկնքից լույսի շող է իջել այն վայրում, որտեղ քրիստոնյա միանձնուհիները խոշտանգվել և սպանվել են՝ նախքան Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելը:
Սուրբ Շողակաթը միանավ գմբեթավոր բազիլիկ է։ Եկեղեցու ութանիստ թմբուկով գմբեթը երկու զույգ որմնամույթով դահլիճի կենտրոնում է։ Արևմուտքից կից կամարակապ գավիթ-սրահն է։
2001 թվականին Էջմիածնի վանական համալիրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Ինչ անել կամ չանել Հայաստանում
Ո՞ւր ճանապարհորդել այս տարի
Քըրք Քըրքորյան՝ Խաղացողը