Աշխարհահռչակ երգիչ, երգերի հեղինակ, դերասան, դիվանագետ, ակտիվիստ Շառլ Ազնավուրը հայ է։ Նա ծնվել է 1924 թվականին Փարիզում հայ գաղթականների ընտանիքում և դարձել Ֆրանսիայի ամենահայտնի երգիչներից մեկը, ճանաչվել դարի ամենանշանավոր կատարող և, ամենայն հավանականությամբ, իր ժամանակի ամենահայտնի հայերից մեկը։
Իհարկե, Շառլ Ազնավուրը բեմական անուն է, իսկ նրա իրական անունը Շահնուր Վաղինակի Ազնավուրյան է։ Նա սկսել է ելույթ ունենալ 9 տարեկանում Փարիզում, իսկ երբ արդեն 22 տարեկան էր, նա գրավեց ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆի ուշադրությունը, ով Ազնավուրին իր հետ տարավ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի իր շրջագայություններին: Նրա առաջին երգը՝ «J’ai Bu», գրվել է 1950 թվականին, որին հաջորդել են սիրո մասին այլ հայտնի երգեր, այդ թվում ՝ «La Boheme», «She», «Emmenez moi»,«Hier encore» և «For me Formidable», որոնց շնորհիվ նա ստացել է «Ֆրանսիայի Ֆրանկ Սինատրա» տիտղոսը։ Իրականում Ազնավուրը եվրոպացի այն սակավաթիվ երգիչներից էր, ով դուետով երգել է Ֆրենկ Սինատրայի հետ։
Շառլ Ազնավուրի կարիերան
Շառլ Ազնավուրն ութ տարբեր լեզուներով գրել է ավելի քան 800 երգ և նկարահանվել ավելի քան 80 ֆիլմերում։ Ինչ վերաբերում է հայկական երաժշտությանը, Ազնավուրը ձայնագրել է հայկական ժողովրդական երգեր, այդ թվում՝ Սայաթ-Նովայի «Իմ յարը», ինչպես նաև Հայոց ցեղասպանության մասին գրել է «Ils sont tombés (Նրանք ընկան)» երգը։ 2006 թ. Նա սկսեց իր «հրաժեշտի շրջագայությունը» ԱՄՆ-ում, այնուհետև շարունակեց Կանադայում, ինչպես նաև Հայաստանում։ 2007 թ. համերգներով հանդես եկավ նաև Ճապոնիայում և շրջագայեց ամբողջ Ասիայում, համերգներ ունեցավ նաև Ֆրանսիայում, Բելգիայում և Նիդերլանդներում։ 2009թ. Շառլը ելույթ ունեցավ Լատինական Ամերիկայում, 2011թ.՝ Ռուսաստանում, 2012թ.՝ Վրաստանում, 2013թ.՝ Լոնդոնում:
2014-2016 թվականներին նա շարունակեց իր միջազգային շրջագայությունը Բրյուսելում, Բեռլինում, Ֆրանկֆուրտում, Բարսելոնայում, Մադրիդում, Վարշավայում, Պրահայում, Մոսկվայում, Բուխարեստում, Անտվերպենում, Լոնդոնում, Դուբայում, Մոնրեալում, Նյու Յորքում, Բոստոնում, Մայամիում, Լոս Անջելեսում, Օսակայում, Տոկիոյում, Լիսաբոնում, Մարբելյեում, Մոնակոյում, Վերոնում, Ամստերդամում և Փարիզում: Իսկ 2018 թվականին 94 տարեկանում նա իր հյուրախաղերը շարունակեց Սան Պաուլոյում, Ռիո դե Ժանեյրոյում, Սանտյագոյում, Բուենոս Այրեսում, Մոսկվայում, Վիեննայում, Պերտայում, Սիդնեյում, Մելբուռնում և Հաիթիում։
Բացի իր երաժշտական և կատարողական կարիերայից, Շառլ Ազնավուրը նաև ազդեցիկ դիվանագետ և ակտիվիստ էր։ Շվեյցարիայում նա Հայաստանի դեսպանն էր, որտեղ բնակվում էր և հանդիսանում Հայաստանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում։ Հայաստանում նրան ընդունում են որպես ազգային հերոսի։ Մայրաքաղաքում կա Ազնավուրի հրապարակ, թանգարան, ինչպես նաև նրա հայկական տունը: Նա արժանացել է «Հայաստանի ազգային հերոս»-ի կոչմանը և ստացել ՀՀ պատվավոր քաղաքացիություն։
Շառլ Ազնավուր․ բանաստեղծություններ
Քչերը գիտեն, որ Շառլ Ազնավուրը նաև բանաստեղծ էր։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են տարբեր լեզուներով, նաև հայերեն։ Դրանք կարդալիս՝ հորինում ու աչքերիդ առաջ պատկերացնում ես մի ամբողջ պատմություն։ Պատմություն, որն ապրել է հենց ՆԱ։ Դրանք այնքան գեղեցիկ ու հարազատ են, ինչպես հենց մեծն շանսոնյեն մեզ բոլորիս համար։
ԴԵՌ ԵՐԵԿ
Դեռ երեկ քսան տարեկան էի
ՈՒ վատնում էի ժամանակը իմ,
Խաղում կյանքի հետ,
Ինչպես խաղում են հաճախ սիրո հետ,
ՈՒ գիշերները ցերեկ դարձնում,
Հաշվի չառնելով, որ կյանքս է անցնում
ՈՒ հալվում է այս ժամանկի մեջ:
Սրանք խոսքեր են՝ գրված յուրաքանչյուրիս մասին՝ այնքան անկեղծ ու հարազատ։
ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ
Քո գարունները կբացվեն նորից,
Քո լավ օրերը ետ կգան նորից,
Ձմռանից հետո, դժոխքից հետո,
Կվերընձյուղվի կենաց ծառը քո –
Քեզ համար, Հայաստան:
Գալիք օրերդ նորից կերգեն,
Զավակներդ ամուր տուն կկառուցեն,
Սարսապից հետո ու վախից հետո,
Աստված կբուժի լլկված հողը քո –
Քեզ համար, Հայաստան:
Կարդում ես այս տողերն ու հասկանում, թե որքան էր նա սիրում Հայաստանը։ Այո, դրա վառ ապացույցը նրա գործերն են, որոնք կմնան մեր պատմության մեջ ընդմիշտ։
ՄՆԱ
Մնա՜,
Էլի՜ մնա,
Մնա ինձ հետ,
Մարմնիս վրա,
Ձեռքերիս մեջ,
Թևատարա՜ծ,
Բավարարվա՜ծ,
Խենթ ու խելա՜ռ,
Ու հևասպառ:
Մնա սիրով
Ու նվաղած,
Եվ գիշերով
Ցանկապատված,
Սրտիս վրա,
Առանց ամոթ,
Մնա կրքոտ,
Մե՜րկ համարյա:
Այդպե՜ս մնա,
Չհագեցած,
Կյանքիս վրա,
Ձեռքս սեղմած,
Գիսախռիվ,
Մարմնակործա՜ն,
Հե՜զ, անխռո՜վ,
Ու ինքնիշխան:
Այստեղ մնա,
Բառ մի ասա,
Հրճվիր, ցնծա,
Մաշկիս վրա,
Հույսի գրկում
Ու գիշերվա,
Մինչև դրսում,
Լույսը բացվեր,
Իմ սե՜ր, իմ սե՜ր…
Իսկ այստեղ բառերը պարզապես ավելորդ են։
Շառլ Ազնավուրի անձնական կյանքը
Իր առաջին կնոջ՝ Միշելին Ռյուգելի հետ նա ամուսնացել է 1946 թվականին։ Ամուսնական կապն ավարտվել է ամուսնալուծությամբ։ 1956 թ. Շառլ Ազնավուրն ամուսնացել է իր երկրորդ կնոջ, Էվելին Պլեսիսի հետ, արդյունքում կրկին ամուսնալուծություն։ Ի վերջո, 1967 թ. նա ամուսնացել է Ուլլա Տորսելի հետ։ Իր երեք ամուսնություններից Շառլն ունի վեց երեխա։ Նրա դուստրը՝ Սեդան, գնացել է հոր երաժշտական ուղղությամբ, և նրանք նույնիսկ դուետ են ձայնագրել միասին։
Ազնավուրի որդին ՝ Միշան, դերասան է և կինոպրոդյուսեր, իսկ դուստրը ՝ Կատյան, դերասանուհի։ Հայաստան այցելության ժամանակ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, մկրտվեց Տաթևի վանքում։ «Ես շատ հպարտ եմ, որ իմ որդին որոշել է մկրտվել Հայաստանում։ Ծնողներս շատ ուրախ կլինեին իմանալ, որ իմ երկու որդիները՝ Միշան և Նիկոլան, մկրտվել են այստեղ՝ Հայաստանում՝ հավատարիմ մնալով իրենց արմատներին», - ասել է Շառլ Ազնավուրը։
Շառլ Ազնավուրի արձանը տեղադրվել է Գյումրիում, որն իր մեծությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է։ Արձանը տեղադրվել է որպես շնորհակալություն 1988թ.երկրաշարժից հետո նրա՝ «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական կազմակերպության աջակցության համար։ Այս աղետի արդյունքում քաղաքը ավերակների էր վերածվել և մոտ 50,000 մարդ զոհվել:
Երկրաշարժին հաջորդող 30 տարիների ընթացքում իր՝ «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական կազմակերպության միջոցներով՝ Ազնավուրն աջակցել է հայկական տարբեր մարդասիրական նախագծերի։ Նա նաև «Հայաստան» հիմնադրամի ծրագրի վարչության անդամ է, որը երկրում ցուցաբերում է նաև մարդասիրական և ենթակառուցվածքային աջակցություն:
Ազնավուրի մահը
Պարզապես չի ստացվում անցյալ ժամանակով խոսել նման մարդու մասին։ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին 95 տարեկան հասակում մահացավ մեծ հայը։ Նա մահացել է Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։
Շառլի մահը մեծ վիշտ բերեց ողջ մարդկությանը։ Ազնավուրը երգում էր բոլորի համար։ Նա բարի և տաղանդավոր քաղաքացի էր ամբողջ աշխարհում։ Ասում են՝ մարդն ապրում է, քանի դեռ հիշում են նրա արարքները։ Շառլ Ազնավուրի անունը հավերժ գրված կմնա պատմության մեջ։