Հայաստանի ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժներից մեկը՝ Թռչկանը, գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին՝ Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա։ Ջրվեժի բարձրությունը մոտ 23,5 մետր է։ Գարնանը, ձնհալի շրջանում, Չիչկան գետը վարարում է, և ջրվեժը դառնում է առավել հզոր, իսկ ձմռանը հաճախ սառչում է՝ ստեղծելով յուրահատուկ տեսարան։
Թռչկանին տեղացիները նաև Չռան են անվանում։ Ջրվեժի անվան հետ կապված հետաքրքիր ավանդություն կա․ ըստ պատմության՝ ձվադրման շրջանում Չիչկան գետում ապրող կարմրախայտ ձկները փորձում էին հոսանքին հակառակ լողալ և «թռչել» ջրվեժի վրայով։ Ըստ այս ավանդության՝ հենց այդ երևույթից էլ առաջացել է Թռչկան անվանումը։
Թռչկանը նաև բնության պահպանության համար պայքարի օրինակ է։ 2008 թվականին այն ներառվել է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում։ 2011 թվականին ջրվեժի վրա նախատեսվում էր հիդրոէլեկտրակայան կառուցել, սակայն բնապահպանների և ակտիվ քաղաքացիների շուրջ երկու ամիս տևած պայքարից հետո շինարարությունը դադարեցվեց։ Նույն թվականին տարածքը սահմանվեց որպես հատուկ պահպանվող գոտի։
Թռչկանը գտնվում է Շիրակամուտ գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա։ Հետաքրքիր է նաև գյուղի պատմությունը․ հենց այստեղ է գտնվել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնը։