H45, Տաթև 3218, Սյունիքի մարզ
Տաթևի հոյակերտ վանական համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի մոտակայքում՝ սարահարթի վրա: Վանքը կառուցվել է 895 թվականին և դարեր շարունակ եղել է Հայաստանի նշանավոր կրթական և մշակութային կենտրոնը:
Այսօր Տաթևի վանքը հայերի հպարտությունն է և երկրի սիրված տեսարժան վայրերից մեկը: 1995թ. Տաթևի վանքը դիտարկվում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու համար:
Տաթևի վանքը հայոց ամենահին և ամենահայտնի համալիրներից մեկն է: Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է 895 թվականին՝ Հովհաննես եպիսկոպոսի կողմից՝ Սյունյաց իշխաններ Գրիգոր Սուփանի և Ձագիկի աջակցությամբ: 930 թվականին եկեղեցու ներքին պատերը զարդարվել են գեղեցիկ որմնանկարներով:
Համալիրը ներառում է երեք եկեղեցիներ՝ Պողոս-Պետրոս տաճարը, Սուրբ Աստվածածինը և Սուրբ Գրիգորը, ինչպես նաև Գրիգոր Տաթևացու դամբարանը, «Գավազան» հուշարձանը և այլ պատմական շինություններ:
Խորհրդավոր «Գավազան» հուշարձանը կառուցվել է այստեղ 906-ին: Դա ճոճվող հուշասյուն է, որը տատանվում է երկրի աննշան ցնցումներից՝ նախազգուշացնելով երկրաշարժերի կամ զավթիչ բանակների մոտեցման վտանգի մասին։
2010 թվականին այստեղ կառուցվել է «Տաթևի թևեր» կոչվող ճոպանուղին, որը կապում է Տաթևի վանքը հանդիպակաց ժայռի վրա գտնվող Հալիձոր գյուղի հետ։ Ճոպանուղին գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին (5.7 կմ): «Թռիչքը» Որոտանի կիրճի վրայով տևում է 12 րոպե, որի ընթացքում աուդիո-գիդը պատմում է ուղևորներին Տաթևի վանքի պատմությունը:
Սյունիքի հրաշք բնությունը և Որոտանի կիրճին նայող Տաթևի վանքի աներևակայելի տեսարանը անչափ տպավորիչ և անմոռանալի է: