Սանահինի վանք

place

icon-mapԱլավերդի 1705, Լոռու մարզ

Սանահինի վանական համալիրը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:  Ըստ ավանդության՝ վանքը հիմնադրվել է 4-րդ դարում։ «Սանահին» անվանումը բացատրվում է «սա նրանից հին է» արտահայտությամբ. Սանահին է կոչվել Հաղպատից ավելի հին վանքը։

Վանական համալիրն իր մեջ ներառում է Սուրբ Աստվածածին և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիները իրենց գավիթներով, Սուրբ Գրիգոր և Սուրբ Հարություն մատուռները, ճեմարան, գրատուն, սեղանատուն, զանգակատուն, ինչպես նաև Զաքարյանների և Կյուրիկյանների դամբարանները։ 

Սուրբ Աստվածածին եկեղեցին համալիրի առաջին եկեղեցին է։ Կառուցվել է 10-րդ դարում՝ 928-944 թվականներին: Այն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ` խաչաձև գմբեթավոր կառույց է՝ չորս անկյուններին ունի չորս ավանդատներ։ 

Սբ Ամենափրկիչ Կաթողիկե եկեղեցին (966) կառուցվել է Սբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ։ Չափսերով այն ավելի մեծ է, իսկ ավանդատները երկհարկ են։ Երկու եկեղեցիների ներքին պատերը զարդարված են եղել որմնանկարներով, որոնց մի մասը լավ է պահպանվել:

Վանքի գրատունը հայկական գրատների մեջ հնագույնն է և իր չափերով ամենամեծը: Այն հռչակվել է ձեռագրերի հարուստ ժողովածույով։ Այստեղ ձեռագիր գրքերի հետ պահվել են նաև վանքի թանկարժեք առարկաները, ինչի պատճառով գրատան շենքը կոչվել է նաև Նշխարատուն։

Զանգակատունը եռահարկ կառույց է, որ պսակվում է վեց սյուների վրա հենված զանգաշտարակով: Քարե աստիճանները տանում են զանգակատան երկրորդ և երրորդ հարկերը։ Արևմտյան ճակատը առանձնանում է իր դեկորատիվ զարդարանքով:

2001 թվականին Սանահինի վանական համալիրը համալրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

360 Stories

Map