Սաղմոսավանք

place

icon-mapՍաղմոսավան 0211, ՀՀ

Սաղմոսավանքը գտնվում է Արագածոտնի մարզի Սաղմոսվան գյուղի արևելյան մասում: Եկեղեցին տեղակայված է Քասախ գետի աջ ափին՝ կիրճի եզրին։ Սաղմոսավանքը միջնադարի ամենահարուստ և նշանավոր հոգևոր կենտրոններից մեկն էր: 

Ըստ լեգենդի՝ եկեղեցին հիմնել է Գրիգոր Լուսավորիչը, ով տեսել է այս վայրը Արագած լեռան լանջերից և որոշել այնտեղ եկեղեցի կառուցել։ Հետագայում նա այստեղ սաղմոսներ է ուսուցանել հոգևորականներին, ինչի հետ էլ կապում են վանքի անվանումը։

Այնուամենայնիվ, Սաղմոսավանքը պատմական աղբյուրներում հիշատակվում է միայն 12-րդ դարի վերջին: Վանական համալիրում ընդգրկված են Սուրբ Սիոն և Սուրբ Աստվածածին եկեղեցիները, գավիթ և գրատուն: 

Սաղմոսավանքի հիմնական եկեղեցին կառուցվել է 1215 թվականին իշխան Վաչե Վաչուտյանի կողմից, ով տնօրինում էր Արագածոտնում։

Եկեղեցին պատկանում է խաչաձև գմբեթավոր եկեղեցիներին, որը բոլոր անկյուններում ունի երկհարկ խորաններ: Մուտքը արևմտյան մասից է, որտեղ գտնվում է գավիթը՝ կառուցված Վաչե Վաչուտյանի կողմից 1215-1235 թվականներին: Սաղմոսավանքը համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից: 

Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Սիոնի հարավային մասում ՝ գրատան արևելյան կողմում: Այն կամարակապ շինություն է և ունի ուղղանկյունաձև հատակագիծ: Եկեղեցին կառուցվել է 1235-ին՝ Վաչե Վաչուտյանի որդի՝ իշխան Քուրդ Վաչուտյանի կողմից: Ժամանակին համալիրը շրջապատված է եղել կիսաշրջանաձև դարպասներով:

1255-ին իշխան Քուրդ Վաչուտյանը և նրա կինը կառուցել են նաև գրատուն-եկեղեցի՝ ի հիշատակ իրենց վաղամեռիկ դստեր։ Նրա արևելյան մասում գտնվում է խորանը, իսկ հարավ-արևելյան անկյունում` երկհարկանի ավանդատունը, ինչը բացառիկ երևույթ է նման նշանակության կառույցներում: Գրատնից երկու մուտք է բացվում դեպի գավիթ և դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Ընդ որում այդ եկեղեցի կարելի է մտնել միայն գրատնից:

13-րդ դարում գրատանը պահվել է 120 ձեռագիր մատյան, որոնց թվում Ավետարաններից ու Աստվածաշնչի առանձին մեկնություններից, աստվածաբանական գրականությունից բացի` եղել են նաև հայ պատմիչների աշխատությունները, ինչպես նաև թարգմանական գրականություն։ Ձեռագրերի ցանկը հայտնաբերել է 1912թ. մայիսին Սաղմոսավանքի մոտ` կիրճի քարանձավներից մեկում:
 

360 Stories

Map