Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը՝ հայտնի նաև որպես Մատենադարան, հին ձեռագրերի պահուստ է, որի հայերեն ձեռագրերի հավաքածուն ամենամեծն է աշխարհում։ Այն հիմնվել է 1959 թվականին և գտնվում է Երևանում։
“Մատենադարան” բառը նշանակում է ձեռագրերի պահուստ։ Այն պարունակում է ավելի քան 17000 ձեռագրեր, 450 հազար փաստաթղթեր և 3000 հին գրքեր։ Ամենահին ձեռագիրը “Վեհամոր Ավետարանն” է, որը թվագրվում է 7-րդ դարով։ Այստեղ կարելի է տեսնել հայկական ամենամեծ գիրքը՝ «Մշո ճառընտիր»-ը (28կգ) և ամենափոքր գիրքը, որը կշռում է 190գրամ։
Մատենադարանը ոչ միայն թանգարան և պատկերասրահ է, այլ նաև հայտնի հետազոտական և մշակութային կենտրոն։ Այսպիսով, եթե ուզում եք իմանալ ավելին հայոց լեզվի և ձեռագրերի մասին, սա է այն վայրը, որտեղ կարելի է ստանալ ամբողջական տեղեկություն։
Մատենադարանի շենքը խորանարդաձև է և կառուցված է մոխրագույն բազալտից։ Այն նախագծվել է Մարկ Գրիգորյանի կողմից՝ նեո-հայկական ոճով։ Մոնումենտալ աստիճանները տանում են դեպի Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանները։ Արձանի հետևի պատին փորագրված է հայերեն թարգմանված առաջին նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։
Հայ գիտնականներ Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի և Ֆրիկի արձանները տեղադրված են ճակատային պատի երկայնքով՝ մուտքի աջ և ձախ կողմերին։ Մուտքից ոչ հեռու բացօթյա ցուցահանդես է, որտեղ խաչքարեր են ցուցադրված։
Հայ ճարտարապետները ծրագրավորել էին մատենադարանի նոր շենքի կառուցումը 1987 թվականին, սակայն ցավոք ծրագրերը ձախողվեցին Սպիտակի երկրաշարժի պատճառով։ Նոր մասնաշենքի շինարարությունը սկսվեց 2009 թվականի մայիսի 14-ին և տևեց 2 տարի։ Ճարտարապետն է Արթուր Մեսչյանը։ Մասնաշենքը պաշտոնապես բացվել է 2011 թվականի սեպտեմբերի 20-ին։ Շենքը գտնվում է Մաշտոցի պողոտայի հյուսիսային կողմում։
Հայկական ձեռագրերը հարուստ են գեղեցիկ և գունազարդ մանրանկարներով, որոնց գույները դեռևս այնքան վառ են, որ թվում է թե բոլորովին վերջերս են ներկվել։ Մանրանկարիչները օգտագործել են միայն բնական ներկեր, ինչպես օրինակ “որդար կարմիր” կոչվող ներկը, որը ստացել են միևնույն անունը կրող միջատից։