Հաղպատ, Լոռու մարզ
Հաղպատավանքը միջնադարյան վանական համալիր է, որը գտնվում է Լոռու մարզի Հաղպատ գյուղում: Այն կառուցվել է 10-րդ դարում և 10-13-րդ դարերի ընթացքում եղել է Հայաստանի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը:
Վանքը հայտնի էր իր հարուստ գրադարանով և դպրոցով, որտեղ աշակերտներն ուսանում էին փիլիսոփայություն, հռետորաբանություն, երաժշտություն և ձեռագրերի նկարազարդում:
Համալիրը ներառում է Սբ. Նշանի Մեծ գավիթը, «Համազասպի գավիթը», տապանատունը ու դպրոցը, գրատունը, զանգակատունը, միջնադարյան պարսպապատերը, սեղանատունը, Աղբյուրի տունը (Աղբյուր-հուշարձան), Կուսանաց անապատը (Սբ. Տիրամայր), 4-րդ դարի եկեղեցու ավերակները, այլ շինություններ և խաչքարեր։
Սբ. Նշանը վանքի եկեղեցիներից ամենահինն է։ Կառուցվել է Աշոտ 3-րդ Վողորմած արքայի կնոջ՝ Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ` 976-991 թթ.։ Սբ. Նշանն արտաքուստ՝ ուղղանկյուն, ներքուստ՝ խաչաձև, եկեղեցի է. պսակվում է լայնանիստ և բարձրադիր գլանաձև գմբեթով։ Աղոթասրահը պատված է գեղեցիկ որմնանկարներով:
Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է 1025 թ.։ Այն ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն կառույց է, չորս անկյուններում՝ ավանդատներ։ Ավանդատները եռահարկ են, ինչը բնորոշ չէ հայկական եկեղեցիներին։
Համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում: Այն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով, գմբեթավոր փոքրաչափ շինություն է։ Գլանաձև թմբուկը ծածկված է եռանկյունաձև տանիքով։
1996-ին Հաղպատի վանքը համալրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: