Հայաստանի Հանրապետության հրապարակը երկրի ճարտարապետական պարծանքն է, որը գտնվում է Երևանի սրտում։ Հրապարակը նախագծել է հանրահայտ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը (1978-1936).
Այն բաղկացած է օվալաձև կենտրոնական հատվածից և երաժշտական շատրվանների հատվածից։
Հրապարակը շրջապատված է հինգ հոյակերտ շինություններով․
Հրապարակը շրջապատող բոլոր շենքերը իրենցից ներկայացնում են ճարտարապետության յուրահատուկ նմուշներ։ Կամարներով, սյուներով և ազգային զարդանախշերով նախագծված շենքերը կառուցված են հիմնականում վարդագույն և դեղին տուֆից և կազմում են հիանալի ճարտարապետական ամբողջություն։
Ըստ Թամանյանի նախագծի՝ հրապարակի շինարարությունը սկսվել է Կառավարական տան շենքից 1926 թվականին։ Հրապարակի բոլոր շենքերի շինարարությունը ավարտվել է 1950-ականներին, բացառությամբ Ազգային պատկերասրահի շենքի, որն ավարտվել է 1977-ին։ Սովետական տարիներին Հանրապետության հրապարակը կոչվել է Լենինի անունով, և նրա հուշարձանը կանգնեցվել էր այնտեղ 1940 թվականին և ապամոնտաժվել 1991 թվականին՝ նախքան Հայաստանի անկախությունը։
Հանրապետության հրապարակի այցեքարտը երգող շատրվաններն են։ 2007 թվականին ֆրանսիական “Aquatique Show International” ընկերությունը վերանորոգել է շատրվանները՝ ծախսելով 1․4 միլիոն եվրո: Ամեն տարի մարտի վերջին երգող շատրվանները միացվում են և հրաշալի երեկոներ պարգևում տեղացիներին և զբոսաշրջիկներին։
Երևանը հայտնի է նաև իր բազմաթիվ ցայտաղբյուրներով: Հրապարակի ցայտաղբյուրը կառուցվել է 1965 թվականին։ Այն կոչվում է «Յոթ աղբյուր», քանի որ կազմված է 7 փոքր ցայտաղբյուրներից, և զարդարված է ավանդական հայկական նախշերով: