Նեղուցի վանքը գտնվում է Կոտայքի մարզում՝ Արզական գյուղից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք, բլրի լանջին։ Համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, արևմուտքից նրան կից գավթից, հարավում ավելի ցածր տեղադրված այժմ ամբողջությամբ փլված սրահաձև կառույցից և հյուսիս-արևմուտքում գտնվող մատուռից։ Վանքի տարածքում պահպանվել են նաև բազմաթիվ խաչքարեր։
Վանքի մասին գրավոր տեղեկությունները սակավ են, և դրա պատմության ուսումնասիրության գլխավոր աղբյուրներից են գավթի պատերին պահպանված մի քանի տասնյակ արձանագրությունները։ Դրանցից ամենավաղը թվագրվում է 1271 թվականով և գտնվում է գավթի հարավային պատին։ Այն նվիրատվական արձանագրություն է՝ Հայրապետ անունով մեկի կողմից։
Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճի տիպի կառույց է՝ արևելյան մասում երկու ավանդատներով։ Հստակ կառուցման թվական չի պահպանվել, սակայն այն նման է X–XI դարերի կառույցներին։ Արևելյան ճակատին կան երկու եռանկյունաձև խորշեր։
Գավիթը կառուցված է չորս կենտրոնական սյուներով և պատերին կից ութ կիսասյուներով, որոնց վրա հենվող կամարները տարածքը բաժանում են ինը հատվածների։ Կենտրոնական հատվածը բացվածք է ունեցել՝ երդիկ, իսկ դրա անցումը ձևավորվել է 12-նիստանի հենակազմով և խաչվող կամարներով։
Մուտքի վերևում պահպանվել է հավանաբար ընձառյուծի գլուխ, իսկ ներսում՝ փակ թևերով արծվի քանդակ։ Գավթի հարավային շքամուտքը զարդարված է քանդակներով և եզերված է աստղաձև հորինվածքներով։