Գողթ, Կոտայքի մարզ
+37495 371367
Գեղարդը միջնադարյան վանական համալիր է Հայաստանի Կոտայքի մարզում: Վանքը հիմնադրվել է 4-րդ դարում՝ Գրիգոր Լուսավորչի կողմից: Ըստ ավանդության՝ Հայաստանում քրիստոնեություն քարոզելու ժամանակ, նա տեսնում է քարանձավը, որտեղ հրաշագործ աղբյուր էր հոսում և հիմնում է Այրիվանքը, կամ «Քարայրի վանքը»:
Աղբյուրը մինչև հիմա էլ հոսում է մատուռի ներսում, և մարդիկ գալիս են այստեղ՝ դրանից ջուր խմելու և ամոքվելու: Հրաշագործ համարվող աղբյուրների պատճառով այս վայրը երկրպագել են դեռևս հեթանոսության ժամանակաշրջանում:
Հետագայում, երբ Թադեոս առաքյալը գալիս է Հայաստան՝ բերելով այն գեղարդը, որով Հիսուսը խոցվել էր խաչի վրա և պահելով այն այստեղ, վանքը վերանվանվում է Գեղարդավանք: Գեղարդը պահվել է վանքում մոտ 500 տարի և այժմ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր աթոռի թանգարանում։
Գեղարդի վանքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Համալիրի գլխավոր Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1215 թվականին: Վանքը 50%-ով փորված է ժայռի մեջ և նրա սրահներն ու անցուղիները հատվում են տարբեր մակարդակներում: Համալիրի եկեղեցիներից մի քանիսը ամբողջությամբ փորված են ժայռերի մեջ, մյուսները՝ քարանձավներից քիչ են տարբերվում: Համալիրի ճարտարապետությունը շատ բարդ է և հետաքրքիր:
Երևանի Մատենադարանում, ինչպես նաև Փարիզի Ազգային գրադարանում ու Բեռլինի Արքայական գրադարանում, պահվում են ձեռագրեր, որոնք կազմվել, ծաղկվել, գրվել ու ընդօրինակվել են Գեղարդավանքում։
Գեղարդի վանքը գտնվում է մի բացառիկ գեղատեսիլ վայրում՝ ժայռոտ լեռներով, խիտ անտառներով, լեռնային մարգագետիններով և աղբյուրներով: Բնապատկերը, օդը, ձայները․․․ այստեղ ամեն ինչն առանձնահատուկ է և ներդաշնակ ժայռից ծնված հոյակերտ վանքի հետ: