Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցի

place

icon-mapԱշտարակ 0205, ՀՀ

icon-phone+374284 25913

Սուրբ Գևորգը, ավելի շատ հայտնի է որպես Մուղնու եկեղեցի, գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի հարավային ծայրին: Ենթադրաբար, այն հիմնադրվել է 13-րդ դարի առաջին կեսին՝ Հովհաննավանքի միաբանության կողմից, որն այստեղ է բերել Սուրբ Գևորգի մասունքները:

Ըստ ավանդության՝ Սուրբ Գևորգի մնացորդների մի մասը վանքից տեղափոխվել է Վրաստան՝ վրաց թագավորին հիվանդությունից բուժելու նպատակով: Հետագայում թագավորը հրաժարվել է մասունքները վերադարձնել հայերին և փոխարենը Թբիլիսիում կառուցել է Մուղնու Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին:

Հայաստանի Սուրբ Գևորգ եկեղեցին հայտնի մշակութային և կրոնական կենտրոն էր, որտեղ արդեն 1278 թվականին ձեռագրերն էին ընդօրինակվում: Եկեղեցին իր պատմության ընթացքում մի քանի անգամ ավերվել և վերականգնվել է: Վանքն ունեցել է նաև դպրոց, որը հիմնադրվել է Աբել եպիսկոպոս Մխիթարյանի կողմից, ով հետագայում շարադրել է վանքի պատմությունը:

Եկեղեցին հայտնի է իր բարձրարվեստ զարդաքանդակներով և 17-18-րդ դարերի հայ եկեղեցական գեղանկարչությանը հատուկ որմնանկարներով: Ամենայն հավանականությամբ, որմնանկարներն արվել են Նաղաշ Հովնաթանի կողմից, ով նկարազարդել է Էջմիածնի, Երևանի և Ագուլիսի շրջակայքում գտնվող այլ եկեղեցիներ:

Սուրբ Գևորգը սև, կարմիր և դեղնավուն տուֆի քարերով կառուցված գմբեթավոր բազիլիկի հորինվածքով եկեղեցի է։ Արևմտյան կողմին եկեղեցուն կից կառուցված է եռակամար բաց սրահ, որի վրա բարձրանում է զանգակատան 12-սյունանի ռոտոնդան։ Ընդարձակ և բարձր աղոթասրահի վրա բարձրանում է գլանաձև թմբուկով և հովանոցաձև վեղարով գմբեթը։ 

Եկեղեցին շրջապատված է մի գեղեցիկ պարտեզով, որի մասին հոգ են տանում գյուղացիները: Եկեղեցու բակում կտեսնեք խաչքարեր, որոնցից ամենահինը քանդակվել է 932 թվականին: Այստեղ կա նաև 1975 թ.-ի մի խաչքար, որի պատմությունն անհայտ է, քանի որ ոչ ոք չգիտի, թե ով է այն այստեղ բերել: 

Վանքը նախկինում եղել է հայտնի սրբավայր, որտեղ տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկ եկել են բուժվելու: Մուղնու Սուրբ Գևորգ վանքի ուխտի օրը սեպտեմբերի վերջին շաբաթ օրն է:
 

360 Stories

Map