Եթե պլանավորում եք այցելել այս գեղեցիկ, պատմական և հրաշք երկիրը, ապա օգտակար կլինի աչքի անցկացնել այն ամենը, ինչ պետք է անել և ինչ պետք չէ անել Հայաստանում։
Ասացե՛ք «Բարև»
Հայաստանում ցանկացած հաստատություն մտնելիս (օրինակ՝ խանութ, ռեստորան, և այլն) նախքան որևէ այլ գործողություն կատարելը բարևում են, իսկ դուրս գալուց առաջ ցտեսություն են մաղթում: Լավ կանեք մի քանի հայկական արտահայտություն սովորել։ Դա ցույց կտա այս լեզվով խոսելու Ձեր հարգանքը և ջանասիրությունը։
Տուրիստների համար տարածված արտահատություններ են՝
- Բարև Ձեզ
- Շնորհակալություն
- Ներեցեք
- Խնդրեմ
- Ես հայերեն չեմ խոսում
Աչքի՛ անցկացրեք միջոցառումների օրացույցը
Գլխավոր տոներին՝ հունվարի առաջին շաբաթը (Ամանորի և Ուղղափառ Սուրբ Ծննդյան տոների ընթացքում ) և մայիսի առաջին մեկ կամ երկու շաբաթիներին (Աշխատանքի օրը, մայիսմեկյան միջոցառումները և Հաղթանակի օրն ընդգրկող ժամանակահատվածում) Երևանն ու քաղաքների մեծ մասը դատարկվում են։
Բացի այդ այս ընթացքում քաղաքներում տոնական շունչ է տիրում․ շքերթներ, համերգներ, և այլ միջոցառումներ, սակայն, թանգարաններն ու նմանատիպ հաստատությունները մեծ հավանականությամբ կրճատում են աշխատաժամերը։ Մայիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատածը լավագույնն է առանց խոչընդոտների Հայաստան այցելելու համար։
Պատրա՛ստ եղեք շատ վայրերում ծխելու թույլտվությանը
Ծխելը խորը արմատավորված է հայկական մշակույթում։ Այնուամենայնիվ, մի շարք վայրեր արդեն հատկացնում են հատուկ անկյուններ (սենյակներ), որտեղ ծխելն արգելվում է։ Սրճարանների մեծամասնությունը, սակայն, միշտ էլ եղել է ծխից զերծ տարածք, որտեղ կարելի է վայելել ազատ ժամանակը կամ ինչ-որ բան ուտել՝ ծխից հեռու։
Այցելե՛ք Վերնիսաժ
Բացօդյա շուկաներն ամենուր են Հայաստանում։ Վերնիսաժում Դուք կարող եք գտնել ձեռագործ իրեր, ինչպիսիք են զարդերը, պայտե աշխատանքները, նկարները, և դեռ ավելին։ Ձեռակերտ արհեստի այս գանձերը հրաշալի հուշանվերներ են յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար։
Նստե՛ք հաշվիչով տաքսի
Երևանում ամենուր կարող եք տաքսի գտնել, որովհետև դրանք իրոք շատ են։ Տաքսիները թանկ չեն և հասարակական տրանսպորտի հրաշալի այլընտրանքային տարբերակ են։ 3-4 կմ․ երթևեկելու դեպքում նվազագույն վճարը 600 դրամ է։ Ամեն դեպքում, նախընտրելի է օգտվել հաշվիչով տաքսիներից, որոնք էկրանին ցուցադրում են անցած ճանապարհի երկարությունը և վճարելիք գումարի չափը։
Նստե՛ք ռեկորդակիր ճոպանուղին
Գինեսի աշխարհի ռեկորդներին համաձայն՝ ամենաերկար, անկանգ, երկփուլ ճոպանուղին Տաթևի ճոպանուղին է՝ 5,752 մ․ երկարությամբ։ Այս տպավորիչ ճոպանուղին Հալիձոր գյուղը կապում է Տաթևի վանքին, որտեղից դեպի Որոտան գետի կիրճն է բացվում հրաշալի մի տեսարան։
Հաշվի՛ առեք, որ հայերը վճարում են միմյանց փոխարեն
Գաղտնիք չէ, որ հայերը հյուրասեր ժողովուրդ են։ Դուք կհամոզվեք այս հարցում, երբ հասարակական տրանսպորտում կամ սրճարանում տեսնեք մարդկանց, ովքեր վիճում են, թե ով է վճարելու հաշիվը։ Այնպես որ, եթե բախտ վիճակվի որևէ հայ ընկերոջ հետ դուրս գալ, և նա ցանկանա փակել հաշիվը, մի՛ վիճեք․ գուցե հրաժարվելով վիրավորեք նրան։
Շատ բաց մի՛ հագնվեք
Հայերը սիրում են գեղեցիկ հագնվել՝ լինի դա դպրոց, աշխատանքի, թե պարզապես այգում զբոսանքի գնալիս։ Համալսարանում Դուք հաճախ կարող եք տեսնել ամենօրյա բիզնես հագուստով տղաների և աղջիկների․ վերնաշապիկ և տաբատ կամ նույնիսկ կոստյում։ Դուք կնկատեք, որ հայ կանայք գեղեցիկ են հագնվում ցանկացած առիթի համար։
Մենք սիրում ենք գեղեցիկ տեսք ունենալ, այդ պատճառով մեզ պատրաստվելու ժամանակ է հարկավոր։ Չնայած վերջին շրջանում այդ միտումը փոխվել է։ Աղջիկները հրաժարվում են բարձրակրունկներ կրել սպորտային կոշիկների և ամենօրյա հագուստի փոխարեն։ Չնայած ժամանակակից մոտեցումներին՝ Հայաստանում ընդունված չէ շատ բաց հագնվել։ Հայերը շարունակում են պահպանողական ժողովուրդ լինել։
Արագ մի՛ հեռացեք ճաշի սեղանից
Եթե ճաշի եք հրավիրվել, պատրա՛ստ եղեք ամբողջ երեկոն սեղանի շուրջ անց կացնելու։ Որքան կարևոր է առիթը, այնքան երկար կձգվի երեկոն։ Ուտելիքներից նախընտրելի են խորովածը, կարտոֆիլով և պանրով ուտեստները, ինճպես նաև երկար կենացները։ Հնարավոր է՝ Ձեզ նույնպես առաջարկեն կենաց խմել, այնպես որ նախապես պատրաստվելը խրախուսելի է։
Ամբողջ ժամանակն անց մի՛ կացրեք քաղաքներում
Հայկական քաղաքներում տեսնելու և անելու շատ բան կա, սակայն գյուղական վայրերը չտեսնելով՝ Դուք բաց եք թողնում Ձեր ճանապարհորդության լավագույն մասը։ Մեկօրյա ուղևորություն կազմակերպեք դեպի որևէ գինեգործարան, այցելեք աշխարհի առաջին եկեղեցիներից մի քանիսը, Սևանա լիճը, կամ պարզապես շարժվեք դեպի լեռներ։
Սրանք աշխարհում ամենահներից և զվարճանալիներից են։ Չմոռանաք նաև փորձել էքստրիմ սպորտաձևեր, ինչպիսիք են ժայռամագլցումը, զիփ-լայնը, պարապլաներիզմը և նույնիսկ ավելին։
Կանանց թույլ մի՛ տվեք ծանր իրեր տեղափոխել
Եթե որևէ կնոջ հետ գնացել եք գնումների, ապա թույլ մի՛ տվեք նրան ծանր պայուսակներ տեղափոխել։ Ձեր օգնությունն առաջարկեք, հատկապես եթե նա ստիպված է աստիճաններով բարձրանալ 9-րդ հարկ, որովհետև վերելակն անսարք է։ Կանանց ծանր իրեր տեղափոխել թույլ տալը համարվում է կոպտություն և անքաղաքավարություն։
Չմոռանաք թեյավճար թողնել
Մի շարք եվրոպական երկրներում թեյավճար թողնելն ընդունված չէ։ Սակայն, սա Հայաստանի դեպքը չէ․ այստեղ, չնայած ավելացված հարկին, ավելին թողնելու սովորություն կա։ Իհարկե, դա պարտադիր չէ և կախված է Ձեր կամքից։ Այնուամենայնիվ, եթե որոշել եք թեյավճար թողնել, հետևե՛ք Ձեր հայեցողությանը և թողե՛ք այնքան, որքան ցանկանում եք․ կարող եք թողնել նույնիսկ 1 դոլլար։
Դատարկ ձեռքով հյուր մի՛ գնացեք
Եթե հրավիրվել եք ճաշի կամ ուղղակի սովարական այցելության, ձեռնունայն մի՛ գնացեք։ Երբեմն ավելի կարևոր է ոչ թե այն, ինչ տարել եք, այլ այն, ինչ չեք տարել։ Քաղցրավենիք, ծաղիկներ կամ երեխային խաղալիք տանելն առավել նախընտրելի է, քան ընդհանրապես ոչինչ չտանելը։
Հայաստանում տանտերերը նախապատրաստվում են հյուրերին դիմավորելու լավագույն ուտեստներով և հատուկ ճաշատեսակներով, որ սովորաբար իրենք իրենց համար չեն պատրաստում։ Դատարկ ձեռքով գնալով՝ Դուք ցույց կտաք, որ անտարբեր եք առաջին հերթին նրանց հյուրասիրությանը։
Շուտ մի՛ պառկեք քնելու
Հատկապես մեծ քաղաքներում ուշ երեկոյան զբոսանք կատարեք և վայելեք Ձեր ժամանակը քաղաքի սրճարաններից մեկում։
Երևանյան գիշերները հրաշալի են հատկապես տաք եղանակներին։ Զով երեկոներ, վառ լույսեր, խաղաղ և իհարկե ապահով։ Ի դեպ, Հայաստանն աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է, այնպես որ նույնիսկ ուշ գիշերով կարող եք ազատ քայլել փողոցներում՝ առանց վախի։