Ազատի ջրամբար

Ազատի ջրամբար

Ազատի ջրամբարը գտնվում է Արարատի մարզում՝ Ազատ գետի միջին հոսանքում, Լանջազատ գյուղի մոտ։ Այն շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Ջրամբարը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1050 մ բարձրության վրա և օգտագործվում է Արարատյան դաշտի գյուղատնտեսական տարածքների ոռոգման համար։ Այն գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում՝ Գառնի–Ելփին և Երևանի խզվածքային համակարգերի ազդեցության շրջանում։

Ջրամբարի նախագծային ընդհանուր ծավալը 70 միլիոն մ³ է, իսկ օգտակար ծավալը՝ մոտ 61 միլիոն մ³։ Ջրամբարը ստեղծված է Ազատ գետի վրա, իսկ ամբարտակը հողային լիցքով կառույց է։

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ այն ջուր է մատակարարում Ազատի քառաստիճան պոմպակայանին և Դվինի ջրանցքին, որոնց միջոցով ոռոգվում է շուրջ 1470 հա տարածք։ Բացի դրանից, այն ջրալրում է Արտաշատի մայր ջրանցքը և այդ կերպ մասնակցում Սևան–Հրազդան ոռոգման համակարգի ջրապահովմանը։

Ջրամբարի շահագործման ընթացքում խնդիրներից մեկը նստվածքների կուտակումն է։ Մոտ 45 տարվա ընթացքում ջրամբարում կուտակված նստվածքների պատճառով դրա նախագծային ծավալը նվազել է մոտ 2.8 միլիոն մ³-ով։

2025–2026 թվականներին Ազատի ջրամբարում իրականացվել է նաև կառավարման և անվտանգության արդիականացման ծրագիր։ Տեղադրվել են նոր հիդրոլոգիական չափիչ սարքեր, օդերևութաբանական կայաններ և ազդարարման համակարգեր։

Քարտեզ