Աշտարակի կամուրջը կամ Հին կամուրջը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ Քասաղ գետի կիրճի վրա։ Այն հայկական ուշ միջնադարյան կամրջաշինության կարևոր պահպանված օրինակներից է։
Աշտարակի կամուրջը կառուցվել է 1664 թվականին՝ Գրիգոր խոջայի հովանավորությամբ և ունի 76,20 մետր երկարություն։ Ժամանակին կամուրջը կարևոր դեր է կատարել պատմական Հայաստանի առևտրատնտեսական կապերի ու զորքերի տեղաշարժի համար։
Կամրջի եզրապատերը աստիճանաձև են, իսկ թռիչքը թեք է ստացվել՝ պայմանավորված գետի աջ և ձախ ափերի անհավասար դիրքով։
Ըստ ժողովրդական ավանդազրույցների՝ կամուրջը դժվարությամբ է կառուցվել։ Շինարարության ընթացքում Քասաղը մի քանի անգամ քանդել է կամրջի հիմքը։ Ծերերի խորհրդով որոշվել է հիմքի պատի մեջ ամփոփել կենդանի մի որբ աղջկա, որպեսզի կառույցը կանգուն մնա։
1950–60-ական թվականներին և 2004 թվականին կամուրջն անցել է վերականգնողական աշխատանքների և շարունակել է ծառայել որպես Աշտարակի երկու հատվածները կապող ճանապարհի հատված։