5 խորհուրդ Հայաստան ճանապարհորդելու վերաբերյալ

5 խորհուրդ Հայաստան ճանապարհորդելու վերաբերյալ

February 27, 2018

Եթե առաջին անգամ ճանապարհորդում եք Հայաստան, ապա այս ուղեցույցը հենց Ձեզ համար է։

1.Ի՞նչ տեսնել

Հայաստանը մշակութային տուրիզմի այցելության լավագույն վայրերից է, որը հաճախ անվանում են «Թանգարան բաց երկնքի տակ»։ Մայրաքաղաք Երևանը հրաշալի վայր է Հայաստանի հետ ծանոթությունը սկսելու համար։ Քաղաքում է գտնվում Հանրապետության հրապարակը, որտեղ ամեն երեկո ժամը 9-ին, բացառությամբ ձմռանը, տեղի է ունենում շատրվանների շոուն։

Հանրապետության հրապարակ

Եթե հրապարակից անցնեք փողոցը, կտեսնեք Հյուսիսային պողոտան։ Սա մայրաքաղաքի ամենաժամանակակից մասն է՝ նորաձև բուտիկներով, օֆիսային կառույցներով և շքեղ հյուրանոցներով։

Հյուսիսային պողոտա

Պողոտան տանում է դեպի պարտադիր այցելելու հաջորդ նշանակետը՝ Օպերայի և բալետի պետական թատրոնը։ Խորհուրդ է տրվում նաև բարձրանալ Կասկադի աստիճաններով դեպի բարձունքը՝ հիանալու քաղաքի համայնապատկերով։

Օպերայի և բալետի թատրոն

Երևանը խորը պատմական քաղաք է։ Պատմական կառույցներից Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելը պարտադիր է ազգի տառապալից անցյալի մասին ավելին իմանալու համար։ Հարկ է նաև այցելել Վերնիսաժ բացօդյա շուկա, որտեղ կարելի է ձեռք բերել գունեղ հուշանվերներ և վայելել զբոսանքը: Հայաստանի մի շարք հրաշալիքներ կարելի է ուսումնասիրել Երևանից մեկօրյա ուղևորության ժամանակ։

Հայկական եկեղեցիներ

Կան նաև բազմաթիվ առևտրի կենտրոններ, որտեղ Դուք կարող եք գնումներ կատարել համաշխարհային ճանաչում ունեցող բրենդերի տեսականիներից։ Կրոնական տեսարժան վայրերի շարքում արժե այցելել Խոր Վիրապ՝ Արարատ լեռան դիտարժան տեսարանով, Գեղարդ, որը հայտնի է իր զարմանահրաշ ժայռային ճարտարապետությամբ, Տաթև, որը միջնադարյան ճարտարապետության լավագույն նմուշն է, Հաղպատ և Սանահին, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, Էջմիածնի մայր տաճար՝ բոլոր հայերի կրոնական կենտրոնը:

Սևանա լիճ

Սևանա լիճն աշխարհի ամենաբարձրադիր լճերից է։ Ահա, թե ինչու է երբեմն թվում, թե լճի ջրերն ուր որ է կդիպչեն երկնքին։ Ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում լիճը մեծ ճանաչում է վայելում հատկապես ամռանը։

Ջերմուկ

Ջերմուկը հանգստի և բուժման լավագույն քաղաքներից է, քանի որ այն Հայաստանի ամենահայտնի առողջարանային քաղաքն է իր բուժիչ հանքային ջրերի, մեղմ կլիմայի և առողջարանների շնորհիվ։ Քաղաքում կան ավելի քան 40 ջերմային աղբյուրներ։ Ջերմուկի ջրվեժը Հայաստանում մեծությամբ երկրորդ ջրվեժն է, որտեղ ջուրը գահավիժում է մոտ 70 մետր բարձրությունից։

Այս գեղեցիկ ու հին երկիրը լիովին բացահայտելու համար մի օրը բավարար չէ։ Հայաստանը հիասքանչ և արտահայտիչ է տարվա ցանկացած եղանակի։ Հայաստանի և հայկական մշակույթի շունչը զգալու համար աշխատեք այստեղ շատ ժամանակ անցկացնել։

2.Ի՞նչ ուտել

Հայկական խոհանոցն իր արմատներով հետ է գնում դեռևս հեռավոր անցյալ՝ գրեթե 2000 տարի առաջ։ Այն իր մեջ կրում է միջերկրածովյան և արևելաեվրոպական խոհանոցի տարրեր և ազդեցությունը։ Հայկական խոհանոցում օգտագործում են բանջարեղեն, տարբեր համեմունքներ, խոտաբույսեր, միս, միրգ և ձուկ։ Խորովածը Հայաստանում ամենահայտնի և սիրված ուտեստն է, որը կարելի է համտեսել յուրաքանչյուր ռեստորանում։ Այն կարելի է պատրաստել տավարի, խոզի, ոչխարի կամ հավի մսից, և սովորաբար մատուցվում է լավաշով

Տոլմա

Տոլման, որն աղացած մսից, խոտաբույսերից և համեմունքներից պատրաստված ուտեստ է՝ փաթաթած խաղողի տերևների մեջ, պարտադիր է համտեսել Հայաստան այցելելիս։ Այլ համեղ ուտեստներ, որոնք Դուք պետք է անպայման փորձեք․ խաշ (կովի խաշած ոտքեր), քուֆթա (արգանակի մեջ եփված կոլոլակներ), գաթա (քաղցր հաց), լահմաջո (խմորի վրա եփված միս):

Քյուֆթա

Հայկական խոհանոցը շատ համեղ է։ Այստեղ դուք կարող եք գտնել ցանկացած ճաշակի համապատասխան բազմաթիվ ուտեստներ։

Հայկական գաթա

Գիտե՞ք՝ ինչն է աշխարհում ամենալավ բանն իմ համար․ համով բրդուճը՝ տեղական պանրով և կանաչիներով։ Հայաստանի հրաշալի եղանակի և մշտապես փայլող արևի շնորհիվ՝ այստեղ աճում են ամենահամեղ մրգերը, բանջարեղենը, և կանաչեղենը։ Բաց չթողնե՛ք համտեսելու հնարավորությունը, իսկ հնարավորության դեպքում հյուրասիրեք նաև Ձեր հարազատներին։ Հնարավոր է դժվարանաք տարբերակներ գտնել բուսակերների համար, քանի որ ռեստորաններում կան ընդամենը մի քանի բուսական ճաշատեսակներ։

Հայկական մրգեր

Նման դեպքերում մայրաքաղաքում կարող եք գտնել օտարերկյա խոհանոցներ․ իտալական, ամերիկյան, հնդկական, չինական, արաբական, ճապոնական, և շատ ուրիշներ, որոնք Ձեզ մեծ գոհունակություն կպարգևեն։

3. Տրանսպորտ

Ամենատարածված և տեղական բնակչության կողմից ամենաշատ օգտագործվող տրանսպորտային միջոցը միկրոավտոբուսն է կամ երթուղային ավտոբուսը: Քաղաքում տեղաշարժվելու այլ եղանակներ են մետրոն կամ տրոլեյբուսները, որոնք շատ էժան են․ արժեն ընդամենը 100 դրամ։ Նրանք կարող են լինել դժվար կողմնորոշելի, եթե Դուք տեղացի չեք և մայրաքաղաքում գտնվում եք մի քանի օրով։

Մինի ավտոբուս - երթուղային

Եթե ցանկանում եք ժամանակ խնայել, կարող եք քաղաքում տեղաշարժել տաքսիով, ինչը շատ չի արժենա։ Երևանում տաքսիներն ամենուր են, բայց Դուք կարող եք նաև մեքենան պատվիրել քաղաքի հայտնի տաքսի ծառայություններից։ Ավելի լավ է նախապես քննարկել ուղևորության արժեքը: Նվազագույն վճարը 600 դրամ է (1-4կմ), իսկ ավելի երկար ճանապարհի դեպքում յուրաքանչյուր կիլոմետրի համար պետք է վճարել 100 դրամ: Մայրաքաղաքից դուրս գալու համար կարող եք պատվիրել տաքսի կամ ընտրել միկրոավտոբուս: Դուք կարող եք նաև ավտոմեքենա վարձակալել մայրաքաղաքի տարբեր ընկերություններից։

Տրոլեյբուս

Բացի այդ, հնարավոր է ճանապարհորդել նաև մարշուտկաներով կամ գնացքներով։ Ամեն օր Երևանից Գյումրի (3 ժամ), Արարատ (1 ժամ), Հրազդան (1 ժամ 30 րոպե) են մեկնում տեղական գնացքները: Երկաթուղային ճանապարհ կա նաև Երևանից դեպի Սևանա լիճ։ Սակայն այս երկաթգիծն աշխատում է միայն ամռանը, տևողությունը՝ մոտ 2 ժամ և 20 րոպե: Միակ միջազգային երկաթուղային ճանապարհը Երևան - Թբիլիսի (Վրաստան) երկաթգիծն է, որը գործում է կենտ օրերին։ Տեղի և միջազգային գնացքների ճիշտ ժամանակացույցին և ծախսերին կարելի է ծանոթանալ երկաթուղային կայարաններում կամ նրանց պաշտոնական կայքում։

4.Գումար և ծախսեր

Հայկական դրամ

Հայաստանի ազգային արժույթը դրամն է։ Այսպես են կոչվում և՛ թղթադրամները, և՛ մետաղադրամները: Կան 1000, 2000, 5000, 20000, 50000, 100000 դրամ անվանական արժեքով թղթադրամներ, ինչպես նաև 10, 20, 50, 100, 200, 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամներ։ Ցանկացած բանկում կամ խանութում Դուք կարող եք հեշտությամբ փոխանակել ԱՄՆ դոլարը, եվրոն, Ռուսական ռուբլին և Վրացական լարին։ Որոշ խանութներում հնարավոր է նույնիսկ վճարել դոլարով։ Ոչ բոլոր խանութներն են գործարքներ ընդունում կրեդիտ քարտերով, այնպես որ օրվա ընթացքում միշտ Ձեզ հետ բավարար կանխիկ գումար ունեցեք։ Հայաստանում բնակարանները չեն կարող համարվել աշխարհում ամենաէժան, բայց ողջամիտ գներ են առաջարկվում։

Հայաստանի ազգային արժույթը դրամն է

Քաղաքում կան բազմաթիվ հանրակացարաններ և հյուրատներ, որոնք կարելի է գտնել կենտրոնում օրական մոտ $10 - $20։ Բազմաթիվ շքեղ հյուրանոցներ հասանելի են նաև ոչ միայն մայրաքաղաքում, այլև բազմաթիվ առողջարանային քաղաքներում։ Հյուրանոցների արժեքները սկսվում են $100-ից և նույնիսկ ավելի բարձր։ Վարձույթի արժեքը կախված է գտնվելու վայրից, սենյակների քանակից և որակից։ Քաղաքի կենտրոնում արժեքը տատանվում է $180-200։

3-անգամյա սնունդ՝ 6000 դրամ/անձ

Տնական գարեջուր՝ 500 դրամ

Միջազգային գարեջուր՝ 800 դրամ

Տեղափոխում ավտոբուս/մետրո՝ 100 դրամ

Տրոլեյբուս՝ 50 դրամ

Տաքսի՝ 1000 դրամ/ 8կմ․

5.Հաղորդակցություն

Հայերը շատ բարի և մաքուր սրտով ժողովուրդ են, ովքեր ջերմորեն ողջունում են զբոսաշրջիկներին և անում հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրանք հարմարավետ զգան Հայաստանում։ Երկրում ճանապարհորդելուց հետո ցանկացած զբոսաշրջիկ նկատում է տեղի բնակիչների ջերմ վերաբերմունքը։ Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն հայերենն է, որը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին։

Զբոսաշրջիկները Երևանում

Մյուս երկու հիմնական օտար լեզուներն են ռուսերենը և անգլերենը։ Ռուսերենով խոսում են գրեթե բոլորը, իսկ անգլերենով՝ ոչ։ Երիտասարդները կամ մինչև 30 տարեկան մարդիկ ունեն անգլերենի հիմնական գիտելիքներ և միշտ պատրաստ կլինեն օգնելու: Զբոսաշրջության կամ հյուրընկալության ոլորտում աշխատող մարդիկ գերազանց տիրապետում են անգլերենին։ Անգլերեն խոսողների համար Հայաստանում շրջելը նույնիսկ հեշտ է։

Ձեզ կհետաքրքրի նաև