Հայոց Ցեղասպանության հուշահամալիրը կամ Ծիծեռնակաբերդի հուշարձանը Հայաստանի ամենահայտնի կառույցներից է։ Այն տեղակայված է Երևանի անևելյան հատվածում՝ բլրի վրա: Համալիրի ճարտարապետը Արթուր Թարխանյանն է։
Հուշահամալիրը կառուցվել է 1968 թվականին։ Այն կազմված է երեք հիմնական մասերից՝ «Հավերժության տաճար», «Վերածնվող Հայաստան» հուշասյուն, և Հիշատակի պատեր։ Հավերժության տաճարը կազմված է 12 կլոր, քարե սալաքարերով՝ թեքված ներս։ Կենտրոնում՝ 1․5 մետր խորության վրա, վառվում է անմար կրակը։
12 թվի հետ կապված կան մի քանի վարկածներ․ առաջինը՝ 12 նահանգներն են, որտեղ տեղի է ունեցել կոտորածը, երկրորդը՝ 12 առաքյալներն են, երրորդը՝ վիլայեթները, որոնք, ըստ Սևրի պայմանագրի, պետք է փոխանցվեին Հայաստանին։ Սակայն, ըստ ճարտարապետ Սասուն Քալաշյանի, 12 թիվը էսթետիկ խնդրի լուծման արդյունք է։
Հուշահամալիրը նաև ներառում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որը բացվել է 1995 թվականին։ Ծիծեռնակաբերդը կարևոր վայր է յուրաքանչյուր հայի համար։ Ամեն տարի, Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, հայերը աշխարհի տարբեր մասերից հավաքվում են հուշարձանի մոտ՝ հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանության բոլոր նահատակների համար անմար կրակի շուրջ ծաղիկներ են դրվում։
Թանգարանը գտնվում է հուշահամալիրի հարևանությամբ և բաղկացած է 2 հարկից։ Երկրորդ հարկում ցուցասրահ է, իսկ առաջին ստորգետնյա հարկում՝ գրադարան, փաստաթղթերի արխիվ, նիստերի դահլիճ և հետազոտական կենտրոն։ Այստեղ այցելուները կարող են տեսնել ցեղասպանությանն առնչվող փաստաթղթեր, նկարներ և զոհերի անձնական իրեր։ 2014 թվականի մայիսին, Ֆորբս ամսագիրը Հայոց ցեղասպանության թանգարանը ընդգրկել է այն 9 հուշարձանների ցանկում, որոնք անհրաժեշտ է այցելել։