Կասկադի համալիրը սկսվում է Երևանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանով։ Հուշարձանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1974 թվականին։ Թամանյանի արձանը հենվում է մի մեծ քարի` ամրացված 2 այլ փոքր քարերի վրա։
Քանդակագործ Արտաշես Հովսեփյանը բացատրել է, որ ձախ կողմի քարը խորհրդանշում է հին ճարտարապետությունը, իսկ աջը ներկայացնում է ճարտարապետության նոր շրջանը: Այսպիսով, նա ցանկացել է պատկերել, թե ինչպես Թամանյանը՝ կառուցելով քաղաքամայր Երևանը, կամուրջ է ստեղծում այս ժամանակաշրջանների միջև։
Հուշարձանը ավարտելուց հետո, որոշվեց կառուցել այնպիսի մի շինություն, որը կդառնար քաղաքի խորհրդանիշներից մեկը։ Նպատակն էր ստեղծել մի շինություն, որը կլիներ մոնումենտալ, դինամիկ, եզակի և նորաձև։
Արդյունքում, ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը և Ասլան Մխիթարյանը նախագծեցին և կառուցեցին Կասկադի համալիրը։ Համալիրը կազմված է բազմաթիվ աստիճաններից և հարթակներից։ Յուրաքանչյուր հարթակն ունի կանաչ տարածքներ՝ գեղեցիկ տնկված ծաղիկներով, քանդակներով, Երևան քաղաքի և բիբլիական Արարատ սարի հրաշագեղ տեսարանով։
Այստեղ է գտնվում հանրահայտ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը։ Հիմնադիրը հայտնի հայ գործարար և բարերար Ջերարդ Լ․ Գաֆէսճեանն է։ Կենտրոնը ներկայացնում է ժամանակակից արվեստի գործերի բազմազան ցուցահանդեսներ։ Զբոսնելով Կասկադի համալիրով՝ կարելի է տեսնել ժամանակակից արվեստի նմուշներ Ջերարդ Գաֆէսճեանի հավաքածուից։