Ջերմուկ

Jermuk

Ջերմուկը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ ծովի մակարդակից 2080 մ բարձրության վրա։ Խորհրդային Միության ժամանակաշրջանից Ջերմուկը համարվել է Հայաստանի գլխավոր սպա և առողջարանային քաղաքներից մեկը: Այն գտնվում է մարզկենտրոն Եղեգնաձորից 53կմ դեպի արևելք, իսկ Երևանից՝ 170 կմ հարավ-արևելք:

Ջերմուկի պատմությունը

Ջերմուկը տեղակայված է Վայոց ձորի լեռներում ՝ Արփա գետի գեղատեսիլ կիրճով բաժանված սարահարթում: Քաղաքը շրջապատված է խիտ անտառներով և հայտնի է իր տաք աղբյուրներով ու հանքային ջրերով: Քաղաքի անվանումն ինքնին նշանակում է «գեյզեր»:

Ջերմուկը գտնվում է պատմական Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառի տարածքում: Առաջին անգամ քաղաքը հիշատակվել է 13-րդ դարում հայտնի հայ պատմաբան Ստեփանոս Օրբելյանի կողմից։

Ժամանակակից քաղաքի տարածքում հայտնաբերվել են հնագույն կիկլոպյան ամրոցի մնացորդներ և 8-րդ դարի բազիլիկ եկեղեցու ավերակներ, որոնք վկայում են, որ քաղաքը բնակեցված է եղել նաև մինչև 13-րդ դարը: 

Ջերմուկի տեսարժան վայրերը

Թարմ օդը, ջրվեժները, արհեստական ​​լճերը, շրջակա անտառները և հանքային ջրավազանները դարձնում են Ջերմուկը Հայաստանի լավագույն առողջարաններից մեկը: Քաղաքը հայտնի է նաև «Ջերմուկ» կոչվող շշալցված հանքային ջրով: Ջերմուկի ստորգետնյա գեյզերի ջուրը օգտագործվում է ինչպես խմելու, այնպես էլ լոգանքներ ընդունելու համար: Այն բուժում է տարբեր հիվանդություններ և նյարդաբանական խանգարումներ: 

Ջերմուկում է անցկացվում նաև ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» շախմատի միջազգային մրցաշարը:

2500-3500 մ բարձրության շրջակա լեռները ծածկված են անտառներով և ալպյան մարգագետիններով: Անտառները հարուստ են կաղնու և բոխու ծառերով, ինչպես նաև վայրի մրգատու ծառերով: Այս անտառներում կան շատ աղվեսներ, նապաստակներ, փորսուղներ, արջեր և այլ կենդանիներ: 

Քաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկը Ջերմուկի ջրվեժն է, որն ունի 72 մետր բարձրություն և թափվում է Արփա գետի մեջ: Այս ջրվեժը Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից է, որի ջուրը աղջկա վարսեր է հիշեցնում։ Իզուր չէ, որ տեղացիներն այն անվանում են «ջրահարսի վարսեր»:

Համաձայն լեգենդի շատ վաղուց այսօրվա ջրվեժի տեղում՝ ժայռի վրա, կանգնած էր ազդեցիկ մի իշխանի ամրոցը, որի գեղեցկուհի դստեր ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից։ Սակայն իշխանուհին մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի երիտասարդ ու քաջարի որդուն:

Ամեն օր կեսգիշերից հետո ամրոցի իր ննջարանի լուսամուտից իշխանուհին ձորն էր նետում երկար պարանի ծայրը, որով հովվի որդին բարձրանում էր սիրեցյալի մոտ: Սակայն իշխանը, շուտով իմանալով այդ մասին, անիծում է դստերն՝ ասելով, որ եթե նա մեկ էլ հանդիպի հովվի որդուն, թող ջրահարս դառնա ու երբեք դուրս չգա ջրից:

Սակայն միմյանց տեսնելու գայթակղությունը այնքան մեծ էր, որ սիրահարներն անտեսում են անեծքը։ Որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին այս անգամ ժայռի բարձունքից կախում է իր երկար գեղեցիկ վարսերը: Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. աղջիկը դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդն անվանում է «Ջրահարսի վարսեր»:

Ջերմուկ քաղաքից ոչ հեռու գտնվում է Կեչուտի ջրամբարը, որը զբոսաշրջիկների սիրված վայրերից է: Ջրամբարն ունի մարգարտածաղկի տեսք: Այն կառուցվել է 1981 թվականին, ընդհանուր ծավալը 23 միլիոն խորանարդ մետր է:

Ջերմուկի գեղեցկությունը կարելի է ամբողջությամբ տեսնել նորակառույց ճոպանուղուց: Քաղաքը Հայաստանի հիմնական առողջարանային քաղաքներից մեկն է: Այստեղ կան բազմաթիվ հյուրանոցներ և առողջարաններ: «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրը դասվում է լավագույն հյուրանոցների շարքին: Այն կառուցվել է 1975 թվականին: Երկար տարիների աշխատանքային փորձի շնորհիվ այս առողջարանը շարունակում է մնալ լավագույններից մեկը երկրում: Աշխատակազմի անդամները բարձրակարգ մասնագետներ են, որոնք ցուցաբերում են անհատական մոտեցում իրենց բոլոր հյուրերին:

Ջերմուկի մեկ այլ հայտնի առողջարաններից է «Օլիմպիա» առողջարանը: Այն միջազգային ստանդարտների բժշկական կենտրոն է, որը գործում է ավելի քան 50 տարի: «Օլիմպիան» հիմնադրվել է 1953 թվականին և ներառում է հյուրանոց, ռեստորան և բժշկական կենտրոն, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և մատուցում է բարձրորակ բժշկական ծառայություններ: Առողջարանի բուժանձնակազմը պարբերաբար անցնում է վերապատրաստման դասընթացներ:

Առողջարանի և ռեստորանի ներքին հարդարանքը նախագծված է դասական ոճով, որը համապատասխանում է բոլոր միջազգային առողջապահական չափանիշներին: Հյուրանոցում կա բար, բիլիարդի սենյակ, գեղեցկության սրահ, նիստերի դահլիճ, մանկական սենյակ, ֆիթնես սրահ, գրադարան, լաունջ բար և սաունա: