Լավաշ՝ հայկական թագավորական հաց

Լավաշ՝ հայկական թագավորական հաց

January 22, 2018

Հավանաբար, միակ բանը, որ մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա, երբ նստենք սեղանի շուրջ, հացն է։  Ինչպես կարելի է կշտանալ առանց հացի։ Սա օտարազգիներին ամենաշատ զարմացնող սովորություններից է։ 

Հայաստանը Ասիայի և Հարավային Կովկասի հնագույն երկրներից է՝ իր անտիկ պատմությամբ, մշակույթով և խոհանոցով։  Ժողովուրդ, որը հազարավոր տարիների պատմությունը ունի։ Դեռ հնագույն ժամանակներից հայերը կարողանում էին գինի պատրաստել և հաց թխել։  Հայկական խոհանոցի հպարտություններից է մեր ավանդական և ազգային լավաշը։  Մեր խոհանոցի հպարտության մասին հարցրե՛ք ցանկացած հայի, և նա անպայման կհիշեցնի այս բարակ հացի մասին։

Լավաշ

Լավաշը ավանդական հայկական նուրբ հացատեսակ է, որը ներկայացնում է մեր ազգային խոհանոցը և ծագում է հին Հայաստանից։  Նրա թխումը պահանջում է հատուկ հմտություններ և մեծ ջանքեր։ Ըստ հնից եկած ավանդույթի, միայն կանայք են թխում լավաշ։ Ի դեպ, այս բարակ ու շատ համեղ հացը կարելի է չորացնել ու պահել շատ երկար։ Թրջելուց հետո այն դառնում է թարմ ու նույքան համեղ։

Եթե Դուք արդեն կարդացել եք խորովածի մասին հոդվածը, ապա կհիշեք, հայկական ընտանիքներում հիմնականում հայրերն ու եղբայրներն են խորոված պատրաստում։ Հետևաբար, ամենակարևոր գործիքի՝ թոնիրի նախապատրաստությունը տղամարդկանց պարտականությունն է, բայց լավաշի թխումը կանացի գործ է:

Ինչպես գիտենք, յուրաքանչյուր կանոն հակասություն ունի, և այս մեկը նույնպես բացառություն չէ։  Տես, թե ինչպես է մեր քաջ հացթուխը ցատկում թոնիրը։ Տեսանյութը նկարահանվել է Insider-ի կողմից։

Լավաշի թխման նախապատրաստություն

Որպես կանոն, թոնիրը փորվում է գետնի տակ։  Լավաշ պատրաստելու համար հայերն օգտագործում են ալյուր, ջուր և աղ։  Նախ և առաջ, նրանք ցորենի ալյուրից և ջրից խմոր են պատրաստում և այդ խմորից գնդիկներ ձևավորում։ Այնուհետև գնդերը բարակ շերտերով բացում են և տարածում օվալաձև տախտակի վրա։ Նախապատրաստվելուց հետո հացթուխը հատուկ հմտությամբ դրանք հարվածում է թոնրի պատերին։ Մեկ րոպե, երբեմն նույնիսկ երեսուն վայրկյան սպասելուց հետո կարելի է թոնրի պատից քաշել արդեն թխված լավաշը:

Գետնափոր թոնիր

Լավաշի պատրաստումն ավանդական ծիսակատարություն է յուրաքանչյուր հայկական ընտանիքում։ Դեռ հին ժամանակներից խմոր հունցելն ընտանիքի ավագ կնոջ պարտականությունն էր, իսկ պատրաստումը սկսվում էր արևածագից: Սկզբում նրանք կրակ էին վառում, հետո աղոթում և սկսում թխել։ Գործընթացը ուղեկցվել է հաճելի խոսակցություններով, երգերով ու կատակներով։
Վստահ եմ, որ Ձեզ համար ամենահամեղ բուտերբրոդը, ինչպես ցանկացած հայինը, պատրաստված է լավաշից, համեղ աղի պանրով ու կանաչիով: Բացի այդ, լավաշից կարելի է պատրաստել ինչ ասես՝ տարբեր ուտեստներ, ռոլլեր տարատեսակ միջուկներով ու անգամ չիպս։ Այս պարագայում ամենակարևոր բանն այն է, որ ամեն ինչ արվում է շատ արագ։

Եթե խաշ, ուրեմն լավաշ

Հայկական խոհանոցում կան ուտեստներ, որոնք անմիջականորեն ասոցացվում են լավաշի հետ։ Դրանցից մեկն էլ հայկական խաշն է, որի համար նախապես չորացվում է լավաշը։ Գրեթե ցանկացած հայի համար ամենասիրելի պահերից է, երբ լավաշը փշրվում է խաշի մեջ, ավելացվում սխտոր ու աղ։ Իսկ բույրը․․․ այն պարզապես անմահական է։

Չոր լավաշով խաշ

Դե խորովածի մասին էլ չենք խոսում։ Այն պատրաստելիս՝ հայկական խոհանոցի երկու թագավորները հավաքվում են միասին։  Ասում են՝ խորովածն ավելի համեղ է դառնում, երբ մի քանի հատ լավաշ ենք դնում խոր տարայի մեջ, որի վրա լցվում է խորովածը, իսկ վերջում ծածկում այն։ Ու դա իրոք այդպես է։

Լավաշով խորոված

Լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում

2014 թվականի հուլիսին մեր հպարտությունն ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում՝ որպես հայկական մշակույթի արտահայտություն։

 Բացի խոհանոցից, լավաշը նաև ծիսական նշանակություն ունի հարսանիքներում։ Երբ հարսանեկան զույգը գալիս է փեսայի տուն, վերջինիս մայրը լավաշը դնում է նորապսակների ուսերին՝ ի նշան բարօրության և բերրիության:

Կախարդական լավաշը

Եթե լավաշը մեծ նշանակություն չունենար մեզ՝ հայերիս համար, թերևս նրա մասին չէր նկարվի այս հրաշք մուլտֆիլմը՝ "Կախարդական լավաշը", որի գլխավոր հերոսը բարի մի տղա է՝ Նաղաշը։ Նրա մայրն իսկական հայ կնոջ կերպար է, որն ապրում ու վաստակում է իր քրտնաջան աշխատանքով՝ լավաշ է թխում։ Որդին էլ մեծանում է՝ ուտելով այդ անմահական հացը։

կախարդական լավաշ

Մի օր մայրը Նաղաշին խորհուրդ է տալիս գտնել կյանքում սիրելի զբաղմունքը, ու տղան ճամփա է ընկնում։ Ճանապարհի ողջ ընթացքում նա ուտում է լավաշը, որը, կարծես, այդպես էլ չի վերջանում։

Իսկ փնտրտուքներից հետո նա վերադառնում է հայրենի գյուղ՝ հասկանալով, որ  հենց այդտեղ է իր տեղը, իսկ սիրելի գործը՝ իր փոքրիկ հողի վար ու ցանքը։

«Հիշիր որդիս, երջանկությունն աշխատանքի մեջ է, իսկ բախտավորությունը՝ հայրենի հողում»: Սրանք Նաղաշի մոր խոսքերն են, որոնք նա հիշում է մուլտֆիլմի վերջում։

 

You may also be interested in