Ցախաց քար վանք

Ցախաց քար վանք

Ցախաց քար վանական համալիրը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Եղեգիս գյուղից հյուսիս-արևելք, Սմբատաբերդի հարևանությամբ։

Ստեփանոս Ասողիկի և Ստեփանոս Օրբելյանի հաղորդումների համաձայն՝ Ցաղաց քարը հիմնադրվել է Աբաս Բագրատունի թագավորի ժամանակաշրջանում՝ X դարի կեսերին։ Ստեփանոս Օրբելյանը գրում է, որ 1041 թվականին՝ Գագիկ Բ Բագրատունու թագավորության ժամանակ, վանքի առաջնորդ Վարդիկը կառուցել է երկու եկեղեցի՝ մեկը՝ Սուրբ Կարապետի անունով, իսկ մյուսը՝ Սուրբ Հովհաննեսի։ Նա այդ եկեղեցիները բնութագրում է որպես «պայծառ» և «հրաշալի հորինվածքով» կառույցներ։

Համալիրի գլխավոր առանձնահատկությունը երկու միմյանց մոտ գտնվող եկեղեցիներն են, որի պատճառով հետագայում այն ստացել է նաև Ղոշավանք («զույգ վանք») անվանումը։

Սուրբ Կարապետ եկեղեցին գմբեթավոր խաչաձև փոքր եկեղեցի է։ Ալիշանի նկարագրությամբ՝ այն կառուցված է խոշոր հղկված քարերով և ունի սրածայր գմբեթ։ Հատկապես ուշագրավ են արտաքին քանդակները։ Հարավային պատին պատկերված է արծիվ, որը հարձակվում է ցուլի վրա, իսկ հյուսիսային կողմում՝ ցուլ և առյուծ։

Պեղումների ընթացքում բացվել են Սուրբ Հովհաննես եկեղեցու արևմտյան կողմի գավիթը, որի հատակը ծածկված էր տապանաքարերով, ինչպես նաև Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից կառույցներ։ Ս. Հովհաննես եկեղեցին միանավ թաղակապ սրահ է՝ կառուցված 10-րդ դարում: Հարավային մասում այն ունի երկու ավանդատներ, որոնց միջև թաղածածկ խորանն է: Եկեղեցին կառուցված է բազալտի կոպտատաշ քարերով:

Արևելյան խումբը բաղկացած է երկու՝ Ս. Կարապետ և Ս. Նշան եկեղեցիներից, որոնք կառուցվել են 1041 թվականին:

Այսօր Ցախաց քարի վանական համալիրը պահպանվում է մասնակի ավերված վիճակում։


Քարտեզ