Հայ ժողովուրդը դարեր շարունակ պայքարել է իր երկրի ազատության և անկախության համար։ Հայազգի կանայք տղամարդկանց հետ միասին զենք են վերցրել և պայքարել իրենց ամուսինների և եղբայրների կողքին։ Այսպիսով, Մայր Հայաստանի հուշարձանը խորհրդանշում է հայրենիքը, որը խաղաղություն է ձեռք բերում ուժի միջոցով և հիշեցնում է այն կանանց, ովքեր պայքարել են իրենց երկրի և երեխաների համար։
Մայր Հայաստանի հուշահամալիրը բացվել է 1967 թվականին՝ Հաղթանակի զբոսայգում։ Հուշարձանի ընդհանուր բարձրությունը 52 մետր է, քանդակի բարձրությունը 22 մետր։ Ի սկզբանե, այստեղ եղել է Իոսիֆ Ստալինի արձանը, որը բացվել է 1950 թվականին և հեռացվել այստեղից 1962-ին։ Դրա հեռացումից հինգ տարի անց կանգնեցվել է Մայր Հայաստանի արձանը։
Հուշարձանի հեղինակը՝ հայտնի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, նախագծել է հուշարձանի պատվանդանը հայկական եռանավ բազիլիկ եկեղեցու ոճով։ Կնոջ քանդակը երկու ձեռքերով սուր է բռնում։ Քանդակի նախատիպը 17-ամյա Եվգենիա Մուրադյանն էր, ում քանդակագործ Արա Հարությունյանը տեսել էր խանութում և համոզել հանդես գալ որպես բնորդ։
Պատվանդանի ներսում ռազմական թանգարան է, որը բացվել է 1970 թվականին։ Պատվանդանը ներսից եռահարկ է։ Առաջին և երկրորդ հարկերում երկու մեծ ցուցահանդեսներ են՝ “Հայաստանը Մեծ Հայրենական պատերազմում (1941-1945 թթ)” և “Արցախյան ազատագրական պատերազմը՝ 1988-1994թթ․” Երրորդ հարկը միջոցառումների սրահ է։
Առաջին ցուցահանդեսը ներկայացնում է հայերի մասնակցությունը 2-րդ համաշխարհային պատերազմին, հայկական 6 դիվիզիաների, հայազգի մարշալների (Հովհաննես Բաղրամյան, Իվան Իսակով, Համազասպ Բաբաջանյան, Արմենակ Խանփերյանց) և գեներալների գործունեությունը: Այստեղ կարելի է տեսնել հայ հերոսների նկարները, անհայտ կորած զինվորների անվանացանկերը և թեմատիկ այլ նյութեր։
Երկրորդ ցուցահանդեսը նվիրված է Արցախյան Ազատագրական պատերազմին, Հայաստանի Հանրապետության և Արցախի հերոսներին։ Այստեղ ցուցադրված է նաև Արցախի առաջին մայրաքաղաք Շուշիի ազատագրման սխեման։
Ինչ անել կամ չանել Հայաստանում
Հայաստանի առաջին հանրապետությունը
Շոփինգ Երևանում