Ալավերդի

Alaverdi

Լոռու մարզի Ալավերդի քաղաքը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում: Այն գտնվում է Դեբեդ գետի կիրճի լանջերին՝ Սանահինի սարահարթի վրա։ Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա, շրջապատված է բարձր լեռներով և կանաչ անտառներով: Այն կարևոր արդյունաբերական և առևտրական կենտրոն է Հայաստանի հյուսիսում: 

Ալավերդու պատմությունը

Ալավերդու տարածքը միջին դարերում հայտնի է եղել Մանասգոմեր կամ Մանից Գոմ անվանումներով։ Տարածքը բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. 2-րդ հազարամյակից, ուստի այն հարուստ է պատմական հուշարձաններով:

Մ․թ․ա․ 8-6-րդ դարերում Ալավերդու տարածքը և նրա մերձակայքը Ուրարտական թագավորության մաս են կազմել: Հետագայում այս շրջանը եղել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում: 10-րդ դարում, Հաղպատի և Սանահինի վանքերի հիմնադրմամբ, տարածաշրջանը դարձել է հայ մշակույթի, աստվածաբանության և գիտության նշանավոր կենտրոն:

19-րդ դարում Լոռին միացվում է Ռուսական կայսրությանը, որի ամբողջ պղնձարդյունաբերության գրեթե մեկ քառորդը արտադրվում էր ներկայիս Ալավերդու հանքերում։ Ձուլարանի բանվորների համար կառուցվում է նոր ավան, որն անվանում են այս ամենի նախաձեռնող ֆրանսիացի ինժեներ Մանեսի անունով։ 1935 թվականին Մանեսը վերանվանվել է Ալավերդի և ստացել քաղաքային տիպի բնակավայրի կարգավիճակ:

Ալավերդու տեսարժան վայրերը

Սանահինի վանքը գտնվում է քաղաքի հարավային մասում՝ Սանահինի սարահարթում: Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Համալիրը ներառում է Սուրբ Աստվածածին և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներն՝ իրենց բակերով, Սուրբ Գրիգոր և Սուրբ Հարություն մատուռները, ճեմարան, գրատուն, զանգակատուն և Զաքարյանների դամբարանը: Համալիրի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, կառուցվել է 10-րդ դարում: 

Քաղաքի մերձակայքում են գտնվում ՅՈւՆԵՍԿՕ–ի ցուցակում ընդգրկված 10-րդ դարի Հաղպատի վանական համալիրը, 5–6-րդ դարի Հոռոմայր եկեղեցին, 6-րդ դարի Օձունի եկեղեցին, 7–րդ դարի Սանահինի կամուրջը, 1171 թվականի Քոբայրի վանքը,1233 թվականի Կայան բերդը, Ախթալայի 10-րդ դարի վանքն ու բերդը։

Այսօր քաղաքում գործում է Ալավերդու թատրոնը՝ հիմնադրված դեռևս 1932 թվականին, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ​​ակադեմիան, Ալավերդու գեղարվեստի ակադեմիան և Երևանի Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղը։ Քաղաքն ունի մշակույթի պալատ և մեծ հանրային գրադարան: 1987 թվականին Ալավերդիում բացվել է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը:


Sights

Հաղպատի վանք

Հաղպատավանքը  միջնադարյան վանական համալիր է, որը գտնվում է Լոռու մարզի Հաղպատ գյուղում: Այն կառուցվել է 10-րդ դարում և 10-13-րդ դարերի ընթացքում եղել է Հայաստանի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը:

Read More